Քիչ առաջ Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցավ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ասուլիսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի (ՀԱԿ), Վարդան Օսկանյանի (ԲՀԿ), Սպարտակ Սեյրանյանի (ՀՅԴ) մասնակցությամբ: Ասուլիսին խոսեցին նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Խոսելով ընտրակեղծիքների մասին՝ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ քվեարկել է ժամը 12-ին և, ցույց տալով իր անձնագիրը, ասաց, որ արդեն (ժամը մոտ 17:10) ընտրությունը հավաստող կնիքն անհետացել է այնտեղ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ գործողություններ են ձեռնարկելու ընտրակեղծիքների դեմն առնելու համար շտապեց պատասխանել Լևոն Տեր-Պետրոսյանը: «Գուցե անենք այն, ինչ արել ենք բոլոր ընտրություններից հետո: Բողոքարկելու ենք բոլոր ընտրախախտումները»,- ասաց ՀՀ առաջին նախագահը՝ հավելելով, որ նախկինում այդ գործում հաջողությունը քիչ է եղել, քանի որ ընդդիմությունը միասնական հանդես չի եկել: «Նախորդ անգամ դիտորդներն ասում էին, որ ասում եք՝ կեղծվում են, բայց ընդամենը տասը հոգի է դիմել դատարան,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ նշելով:- Այս անգամ միասնական շտաբի գործընկերների հետ մեր ուժը եռապատկվել է: Պետք է հասնել նրան, որ ընտրացուցակները հրապարակվեն գոնե դատարանների համար»:
Հարցին, թե ինչով բացատրել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հակասությունը, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն այլընտրանք է»։ Նա նշեց, որ ԲՀԿ-ն իշխող կուսակցության հիմնական մրցակիցներից է, և «ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ հաղթի»:
Տեր-Պետրոսյանը ևս ցանկություն հայտնեց խոսել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին: «ՀՀԿ-ն սովոր է, որ ԲՀԿ-ն կրտսեր ուժ է: ՀՀԿ-ն որևէ գործընկերություն չի ճանաչում, ճանաչում է տիրոջ և հպատակի հարաբերություններ: ՕԵԿ-ի դեպքում չկա այդ հանգամանքը՝ ՕԵԿ-ը եղել և մնում է հպատակ»,- ասաց նա:
ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ իր գործընկերների կողմից ամեն ինչ ասվեց և կարիք չկա ավելացումների: Սեյրանյանը քննադատեց «Ժառանգություն» կուսակցությանը, որը հայտարարություն էր տարածել, թե շտաբում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանել: ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ «Ժառանգությունն» իր հայտարարության մեջ նշել է, որ ահազանգ է ստացել ընտրակաշառք բաժանելու մասին, բայց հարկ չի համարել ճշտել այդ տեղեկությունը նախքան հայտարարություն տարածելը:
Ակնկալվում է, որ այսօր միասնական շտաբ կայցելի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Civilnet











