Գլխավոր Լրահոս

«Գելափած» ընտրություններ

«Գելափած» ընտրություններ

ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների նախնական արդյունքները գրեթե նույնությամբ կրկնում են ընտրություններից անմիջապես հետո հրապարակված exit poll-ի արդյունքները, որը իրականացրել էր Gallup International Association կազմակերպությունը՝ «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով: Համեմատած exit poll-ի արդյունքների հետ՝ ԿԸՀ-ի նախնական տվյալները տատանվում են 1-2%-ի սահմաններում:

Եթե exit poll-ի և պաշտոնական տվյալների նման համընկնում լիներ այնպիսի երկրում, որտեղ ընտրությունները անցնում են ժողովրդավարական սկզբունքներով, ապա որևէ կասկածելի հանգամանքների մասին խոսելը ավելորդ կլիներ: Սակայն այն, ինչի ականատեսը եղանք մայիսի 6-ին, թույլ է տալիս ենթադրել, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Ընտրություններ կոչվածը իշխանական նախօրոք գծագրված սցենարի բեմադրություն էր: Ըստ երևույթին՝ ՀՀԿ-ն այս «հաղթանակին» հասել է երկու փուլով: Առաջինը՝ ուռճացված ընտրողների ցուցակներ, երկրորդը՝ ընտրակաշառք և վարչական ռեսուրս:

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսի 6-ի ընտրություններին մասնակցել է 1 559 627 մարդ: Հենց այս թիվն է բազմաթիվ կասկածների տեղիք տալիս, քանի որ նույնիսկ շատ լավատեսական տրամադրվածության դեպքում անգամ անարժանահավատ է, որ այսքան մարդ մասնակցություն է ունեցել ընտրություններին, այն դեպքում, երբ Հայաստանը առաջատար է երկրից ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների բացակայության թվով, իսկ արտագաղթի տեմպերն էլ բավական բարձր են: Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, վկայակոչելով այս հանգամանքը, կասկածի տակ է առնում ընտրությունների արդյունքները: Մինչև ընտրությունները միասնական շտաբի որոշ անդամներ ահազանգում էին, որ ընտրողների ցուցակի ուռճացումը կարող է հասնել մինչև 300 հազարի: Նույնիսկ փաստեր հրապարակվեցին, երբ տասնյակհազարավոր անուններ բոլոր տվյալներով համընկնում էին. տարբերությունը ընդամենը մեկ տառ էր կամ մեկ թիվ: Եթե միասնական շտաբի այս մտավախությունը իրականություն է դարձել, ապա 1 559 627 մասնակիցներից պետք է հանել նշված 300 հազարը: Այս դեպքում կստացվի, որ ընտրություններին իրականում մասնակցել է մոտավորապես 1, 2 միլիոն քաղաքացի:

Անհրաժեշտություն չկա մանրամասնելու, թե որ կուսակցության օգտին կարող էին ծառայեցված լինել այդ ձայները: Եթե սրան գումարում ենք իրականացված ընտրակեղծիքների չափաբաժինը՝ ընտրակաշառքների, կրիմինալ տարրերի և վարչական ռեսուրսի օգտագործման տեսքով, ապա մոտավորապես կարելի է ենթադրել, որ առնվազն նոր ձևավորվող խորհրդարանում չպետք է լիներ բացահայտ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ: Սակայն ձևավորվելիք խորհրդարանը, ըստ նախնական տվյալների, արդեն ունի ուժ, որը բացարձակ մեծամասնություն է ստացել: Վերջին տարիների տնտեսական անկման և բնակչության կենսամակարդակի նվազման ֆոնին տարօրինակ է, որ բացարձակ վստահության քվե է ստանում այն քաղաքական ուժը, որը պատասխանատվություն է կրում նաև այդ ամենի համար:

Իսկ ընտրությունների ավարտից ամիջապես հետո հրապարակված exit poll-ի արդյունքները, կարելի է ասել, հետապնդում էին մեկ նպատակ՝ լեգիտիմացնել ընտրությունների պաշտոնական կասկածելի արդյունքները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում