Գործող իշխանությունն ապացուցեց, որ իր ներկայացրած Հայաստանի և իրականության միջև հսկայական տարբերություն կա: Ընտրություններին մասնակցած այն ուժերը, որոնք իրոք նպատակ էին դրել ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ, կարող են արձանագրել, որ այս փուլում իրենց չհաջողվեց հասնել այդ նպատակին:
Սա կարող է լինել վերջաբան կամ նոր սկիզբ: Ամեն ինչ կախված է այն քաղաքական ուժերի դիրքորոշումից, որոնք իրոք ազնիվ նպատակ ունեն: Ժողովրդավարական սկզբունքներին մայիսի 6-ի ընտրությունների տեսքով հասցված հարվածը կարելի է հավասարակշռել հետընտրական որոշակի գործընթացներով:
Զարգացումների մի քանի սցենար է հնարավոր, որոնք կարող են իշխանությանը դնել ծանր դրության մեջ և նրան ստիպեն գնալ իրական բարեփոխումների կամ նոր խորհրդարանական ընտրությունների:
Առաջին սցենարը, որը գրեթե միշտ կիրառվում է վիճահարույց ընտրություններից հետո, բողոքի հրապարակային ակցիաներն են: Այս ճանապարհով, օրինակ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, կարող են բավական մեծ դժգոհության ալիք գեներացնել, ինչին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հազիվ թե կարողանան դիմագրավել: Խոսքը, բնականաբար, օրենքով չարգելված միջոցառումների մասին է: Պահանջը պետք է լինի անվավեր ճանաչել մայիս 6-ի ընտրությունները և նշանակել նոր ընտրություններ՝ խիստ վերահսկողության ներքո: Փորձը ցույց է տալիս, որ մասշտաբային բողոքի համեմատաբար երկարատև ակցիաները կարող են լրջորեն անհանգստացնել իշխանությանը և նրան ստիպել դիմել ուժային լուծման կամ մտածել իշխանությունը հանձնելու մասին: Ուժային տարբերակը գրեթե բացառվում է՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Այս ճանապարհն ընտրելու համար պետք է, որ շահագրգիռ ուժերը հստակ և աներեր քաղաքական կամք դրսևորեն և պատրաստ լինեն ճգնաժամային իրավիճակի:
Զարգացումների երկրորդ հնարավոր տարբերակը առաջ քաշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Վերջինիս կարծիքով՝ իշխանությունը կարող է ծանր դրության մեջ հայտնվել, եթե ՀՀԿ-ի ազդեցությունից դուրս գտնվող ուժերը վայր դնեն մանդատները և ձևավորեն ստվերային խորհրդարան: Այս դեպքում երկրում կառաջանա քաղաքական ճգնաժամ, որի միակ լուծումը կարող են լինել նոր խորհրդարանական ընտրությունները, եթե իհարկե ստվերային խորհրդարանի անդամները սեպարատ գործարքի մեջ չմտնեն իշխանության հետ:
Վերը թվարկված սցենարների դեպքում իշխանությունը կհայտնվի բարդ դրության մեջ, և կմեծանա երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու հավանականությունը:
Սակայն գոյություն ունեն նաև այլ ճանապարհներ: Օրինակ՝ չնայած այն բանին, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է ստացել ԱԺ-ում, որոշ ուժերի առաջարկում է կոալիցիա կազմել: Համաձայնության դեպքում այս տարբերակը կլինի առավելագույնս իշխանության շահերից բխող, և նա շատ հեշտությամբ կարող է հաստատել 2013թ. նախագահական ընտրություններում իր վերարտադրությունը: Այս տարբերակին համաձայնելու դեպքում իրական փոփոխությունների մասին հայտարարող ուժերը կարող են չընկալվել քաղաքացիների մեծամասնության կողմից:
Իսկ մյուս տարբերակն այն է, որ գլխավոր խաղացողները հրաժարվեն հանրապետականների հետ կոալիցիա կազմել և հայտարարեն նախագահական ընտրություններին պատրաստվելու մասին՝ բնականաբար սեփական թեկնածուով, և միաժամանակ հրաժարվեն վայր դնել մանդատները կամ փողոց դուրս գալ: Այս տարբերակը կարելի է համարել իրավիճակային լուծում, որը առաջին և երկրորդ տարբերակների կիրառումը կհետաձգի մինչև նախագահական ընտրությունների ավարտը, եթե, իհարկե, այդ ընտրությունները նույնպես խայտառակ ընթացք ունենան:
Կարելի է քննարկել ևս մի քանի հնարավոր սցենար, սակայն դրանք հիմնականում կլինեն թվարկված սցենարների տրամաբանության շրջանակում:
Հետընտրական հնարավոր սցենարներ
Թեմա











