Ծառուկյանը՝ երկընտրանքի առաջ

Խորհրդարանական ընտրությունները ավարտվեցին, սակայն ներքին լարվածությունը և սպասումը շարունակվում է: Ընտրությունների հետ կապված Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից դեռ պարզ չէ, թե ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, թե ոչ: Կոալիցիա կազմելու համար նախ պետք է խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ից առաջարկ լինի: Նման կոալիցիային ընտրություններից առաջ և հետո դեմ է արտահայտվել ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը: Դեմ արտահայտվեց նաև Նաիրա Զոհրաբյանը:
Տրամաբանությունն ու քաղաքագիտական սահմանումները հուշում են, որ ՀՀԿ-ին ամենևին էլ կոալիցիոն կառավարություն հարկավոր չէ, քանի որ միայնակ կառավարություն կազմելու բոլոր լծակներին տիրապետում է: Սակայն ներկայում ստեղծված իրավիճակն այլ է. 2013թ. իր հաղթանակն ապահովելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ԲՀԿ-ի հավաստումը, որ այդ կուսակցությունը հենց իրեն է աջակցելու և առանձին թեկնածուով հանդես չի գալու:
Հենց այս տրամաբանության շրջանակում շատ մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին կոալիցիա կազմելու առաջարկ անի: ԲՀԿ-ն այդ ձևաչափով առնվազն կարող է նրան չխանգարել 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ավելին, եթե ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիա ստեղծելու պահը գա, անկասկած նոր հուշագրի մեջ լինելու է կետ, որով կոալիցիոն գործընկերները պատրաստակամություն են հայտնելու նախագահական ընտրություններում անվերապահորեն պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և դա լինելու է հենց «հաջորդ դասը»: ՀՀԿ առաջնորդին ավելորդ առճակատումներից խուսափելու համար հենց նման սցենար է անհրաժեշտ: Նա խուսափում է քաղաքական պայքարից և բաց առճակատումից: 2008-ը ապացուցեց դա, երբ Տեր-Պետրոսյանի քաղաքական պայքարի գործիքների դեմ Սերժ Սարգսյանը չուներ այդ նույն գործիքներն ու տեխնոլոգիաները և պայքարում էր «ավանդական» մեթոդներով:
Նոր կոալիցոն հուշագրի ստորագրումից հետո ի՞նչ կարող են անել ԲՀԿ-ի հետ: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանին այնքան էլ դուր չեն գալիս գործընկերային հավասար հարաբերությունները, նա նախընտրում է գործ բռնել տարատեսակ «հաճախորդների» (նայեք ՀՀԿ-ի համամասնական ցուցակը) կամ քաղաքական կշիռ չունեցող կուսակցությունների (ՕԵԿ) հետ: Կարելի է կանխատեսել, որ առաջին քայլով սկսվելու են բավական դաժան հարվածներ հասցնել ԲՀԿ-ի քաղաքական հեղինակությանը, կարող են կուսակցության ներսում հրահրել պառակտման գործընթացներ և այլն: Հարձակումներ են լինելու նաև ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից, որոնք խորհրդարանական ընտրություններից առաջ լոյալ էին վերաբերվում այդ կուսակցությանը: Ամեն ինչ անելու են, որ ԲՀԿ-ն, եթե ոչ մինչև նախագահական ընտրությունները, ապա գոնե հաջորդ խորհրդարանական ընտրությունները՝ որպես քաղաքական ինքնուրույն ուժ, դադարի գոյություն ունենալ: Այդ դեպքում նա կհայտնվի ՕԵԿ-ի կարգավիճակում և կմնա Սերժ Սարգսյանի ողորմածությանը: Միայն այն փաստը, որ նա համաձայնի ՀՀԿ-ի հետ կոալիցա կազմել, լինելու է առաջին լուրջ հարվածը նրա քաղաքական վարկանիշին: Հենց այստեղից էլ կսկսվի ԲՀԿ-ի օեկացումը: Սերժ Սարգսյանին հարկավոր չէ «Գագիկ Ծառուկյան - խոշոր բիզնեսմեն - հեղինակություն վայելող քաղաքական ուժի ղեկավար» համադրությունը, նրան անհրաժեշտ է «խոցելի Ծառուկյան»՝ քաղաքական հենարանից զուրկ, ինչպիսիք են, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը կամ Ռուբեն Հայրապետյանը:
ԲՀԿ-ն կարող է մերժել կոալիցիա կազմելու առաջարկը, բյուրեղանալ որպես քաղաքական ուժ և սեփական թեկնածուով պատրաստվել հաջորդ նախագահական ընտրություններին: Ճիշտ է, այս դեպքում էլ իշխանությունը հանգիստ չի տալու այս կուսակցությանը՝ լինելու են տարաբնույթ հարձակումներ, արտահոսք կուսակցությունից, Ծառուկյանի բիզնեսի նկատմամբ ոտնձգություններ և այլն: Սակայն արտահոսքը նույնիսկ կարող է օգտակար լինել այդ կուսակցությանը՝ պատեհապաշտներից ազատվելու և կուսակցությունը այլընտրանքային քաղաքական դեմքերով համալրելու, կուսակցության քաղաքական կառուցվածքն ամրացնելու համար:
Այս դեպքում՝ հեղինակություն վայելող և հզոր քաղաքական թիմով Ծառուկյանին ավելի դյուրին կլինի ճակատամարտ տալ իշխանության հետ:
Գագիկ Ծառուկյանը կանգնած է բավական բարդ ընտրության առաջ՝ կա՛մ գնալ Սերժ Սարգսյանի հետևից, կա՛մ ՀՀԿ-ին իրական այլընտրանք ձևավորել և 2013թ. մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին՝ այլընտրանքային թեկնածուով: Երկու տարբերակն էլ նրա համար խիստ ռիսկային են, սակայն երկրորդ տարբերակի դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ նա առնվազն պարտված դուրս չի գա քաղաքական ճակատամարտից և դրական գործընթացներ կգեներացնի Հայաստանում: Առաջին տարբերակի դեպքում աստիճանական պարտությունը և «օեկացումը» անխուսափելի կլինի:











