Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ի ողորմածության երախում

Մայիսի 6-ին Ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական շտաբում ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն միտքը, թե «ով էլ արդար ընտրություններով ընտրվի, պետք է շնորհավորել», լուրջ հարված էր նախընտրական շրջանում ՀՀԿ-ական ապօրինություններն ու ահաբեկչությունները դատապարտողներին: Այդպիսի նախադասություն չի կարելի ասել մայիսի 6-ին:

Ենթադրենք՝ ՀՀԿ-ն առանց քվեարկությունը կեղծելու, առանց ընտրությունների օրը փող բաժանելու, առանց այդ օրն ահաբեկելու հաղթում էր, պետք էր շնորհավորե՞լ նրան: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել նախընտրական ամբողջ շրջանի ահաբեկչությունների ու ընտրակեղծիքների հետ: Երկրորդ՝ ենթադրենք, թե իսկապես հաղթեց ՀՀԿ-ն առանց մարդկանց զոռով ընտրատարածքներ քշելու: Բայց ՀՀԿ-ն խնդիր է ոչ որպես հնարավոր կեղծարար, որը վերջին պահին ձեռնպահ մնաց կեղծելուց: ՀՀԿ-ն ինքնին խնդիր է ընտրությունների արդյունքներից անկախ:

Այդ կուսակցությունը ոտնատակ տվեց բարոյականությունը մայիսի 4-ին: Այդ կուսակցությունը հնարավոր է դարձրել «Հայոց արծիվներ» կոչվող երևույթը: Այդ կուսակցության օրոք միմյանց «գտան» արտագաղթի աննախադեպ տեմպերն ու ընտրողների թիվը 2,5 միլիոնի հասցնելը: ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը մտածում է, թե Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժելուց շահեց ավելի շատ, քան կորցրեց թանկացումներից, մայիսի 4-ի փուչիկների պայթյունից կամ արդեն չորս տարի ձգվող հեռուստադաշտի տոտալ օկուպացումից: Սա այն կուսակցությունն է, որի խոսքը գործ չէ. ասում է՝ գործարարներն ԱԺ-ում տեղ չունեն, և անմիջապես առաջադրում է բոլոր գործարարներին: Սա այն կուսակցությունն է, որը Նժդեհին դարձրեց Մաո Ցզե Դուն՝ անունը կա, ամանումը չկա: Շնորհիվ այս կուսակցության հողին հավասարվեց անկախ պատգամավորի կարգավիճակով չորս անգամ խորհրդարան մտած Վիկտոր Դալլաքյանը, որը մինչև մայիսի 6-ը լրագրողուհիներին ասում էր «գեղեցկուհի ջան», իսկ մայիսի 6-ից հետո՝ «արա»:

Արդեն կասկած չկա, որ ՀՀԿ-ն ամբողջ ախորժակով վայելելու է այս ԱԺ-ն: Ինչո՞ւ է սակայն Հայաստանն իրեն պահում այնպես, ասես սա հերթական խայտառակությունն է: Ասես հաջորդը սրանից ոչնչով լավ կամ վատ չի լինելու: Եվ այսքանից հետո ո՞վ կարող է ասել՝ ինչպե՞ս է կոչվում այս երկիրը: Անձամբ ես տեսնում եմ ԿԺԴՀ-ի վերածվելու լուրջ երևույթներ: Ես չեմ ուզում մարգարեանալ հայ ժողովրդի անտարբերության և ՀՀԿ-ի անպատժելիության զգացումների վրա: Նա, ով մարգարեանալու հակումներ է դրսևորում, հոգու խորքում ցանկություն ունի, որ դրանք անպայման իրականություն դառնան: Բայց ուզում եմ ասել՝ լինելու է ավելի սարսափելի, քան եղել է մինչև այսօր: Ինչու. որովհետև եթե մինչև մայիսի 6-ը ՀՀԿ-ն այս երկրից իր համար ունեցվածք էր դիզում, մայիսի 6-ից սկսած՝ դա անելու է՝ ծիծաղելով մեզ վրա: Ես կանխատեսում եմ արտագաղթի և ինքնասպանությունների աննախադեպ աճ, որովհետև հույսը նույնպես «ստամոքս» ունի, նա էլ է ուզում «սնվել»: Մայիսի 6-ը հարձակում էր մարդկանց հույսերի վրա, մայիսի 6-ը, ըստ իս, անկախ Հայաստանի ամենասև օրն էր, որովհետև ՀՀԿ-ի անպատժելիությունը սպանելու է նաև բազմակուսակցությունը, ի՞նչ իմաստ ունի ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական կամ ՀԱԿ-ական լինելը, եթե իմ ապրելու միակ տարբերակը ՀՀԿ-ի ողորմածության երախ մտնելն է: Եվ ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունի հայ լինելը, եթե կարելի է պարզապես ՀՀԿ-ական լինել:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում