Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ի ամենազորության միֆը

ՀՀԿ-ի ամենազորության միֆը

Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում գրանցված անակնկալները շատ դեպքերում բացահայտում են գոյություն ունեցող համակարգի բացերը և ի ցույց դնում նրա խեղվածության աստիճանը: Առաջին անակնկալներից էր, որ թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց նորաթուխ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանը, որը գրեթե սեփականաշնորհել էր այդ ընտրատարածքը և չորս անգամ անընդմեջ պատգամավոր էր ընտրվել այդտեղից: Դալլաքյանին պարտության մատնեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:

Եթե համընդհանուր ընտրություններ չլինեին, և իշխանության ուշադրությունն էլ կենտրոնացած լիներ հենց այդ ընտրատարածքի վրա, ապա անկասկած այդտեղ քաղաքացիական հասարակությունը կպարտվեր ոչ թե Վիկտոր Դալլաքյանին, այլ ընտրակեղծիքներին: Վանաձորում Էդմոն Մարուքյանը հաղթեց երկու պատճառով՝ նախ՝ նա իրական և որակական այլընտրանք էր Վիկտոր Դալլաքյանին, երկրորդ՝ նրա թիմը այդ այլընտրանքը գրագետ ձևով ներկայացրեց վանաձորցիներին:

Երկրորդ անակնկալը գրանցվեց Շիրակի մարզում և Գյումրիում: Բացի թիվ 35 ընտրատարածքից, 34 և 36 ընտրատարածքում բավական թեժ պայքար էր ընթանում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի թեկնածուների միջև: Առավել ուշագրավ էր 34-րդ ընտրատարածքը, նաև այն, որ Կոտայքի մարզից հետո ԲՀԿ-ն Գյումրիում կրկնակի ավելի ձայն է ստացել ՀՀԿ-ից, իսկ մեծամասնականով հաղթել է Արման Սահակյանին:

Ուշագրավն այն էր, որ ԲՀԿ-ական թեկնածուի դեմ պայքարող Արման Սահակյանը քրեական անցյալ չունի, խոշոր բիզնեսմեն է և վերջին երկու տարվա ընթացքում Գյումրիում մեծածավալ ներդրումներ է արել՝ վերակառուցելով «Շիրակ» ստադիոնը և «Շիրակ» ֆուտբոլային թիմը հասցնելով Հայաստանի գավաթի նվաճմանը:

Տրամաբանությունը հուշում է, որ ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է՝ Արման Սահակյանը կարող էր հաղթել Մարտուն Գրիգորյանին: Սակայն գործի դրվեց իբր «ծանր հրետանի»՝ Վարդան Ղուկասյանը, և ամեն ինչ ընթացավ բոլորովին այլ սցենարով: Գյումրիի հայտնի քաղաքապետը իր արածով ու չարածով պարզապես նվեր էր ԲՀԿ-ի համար:

Գյումրիում և Վանաձորում գրանցված բացառությունները թեև արտաքուստ նման են իրար, սակայն բովանդակային առումով տարբեր են: Վանաձորում, կարելի է ենթադրել, որ առավելապես քվեարկել են հանունի սկզբունքով, իսկ Գյումրիում՝ ընդդեմի, ընդ որում՝ ընդդեմ ոչ թե Արման Սահակյանի, այլ գործող քաղաքապետի:

Երկու դեպքում էլ հստակ երևաց, որ ՀՀԿ-ն այդքան էլ ամենազոր չէ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում