Կենտրոնական բանկը շարունակում է վարել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ պահելու քաղաքականություն՝ չբացառելով հետագայում դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը։ 2012թ. մայիսի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է հիմնական տոկոսադրույքը թողնել 8%-ի մակարդակում։
Ըստ ԿԲ-ի՝ 2012թ. ապրիլին արձանագրվել է 0,6% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ, նվազել է 0,3-տոկոսային կետով և կազմել 1,9%՝ ձևավորվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքից (4±1,5%) ցածր մակարդակում: Նշենք, որ 12-ամսյա գնաճը մարտին կազմել է 2,2%՝ կրկին ցածր մնալով տատանումների թույլատրելի միջակայքից։
«Խորհուրդը գնահատեց, որ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում. չնայած այդ ապրանքների (հիմնականում նավթ, ցորեն) հարաբերական գների տատանումներին՝ ընդհանուր առմամբ, դրանց ազդեցությունը գնահատվում է չեզոք: Խորհուրդն արձանագրեց, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում:
Խորհուրդն ամփոփել է, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունները զարգանում են ըստ 2012թ. 1-ին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության բազային սցենարի: «Ներկայում իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1,5-տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, և այս պահին նպատակահարմար է պահպանել տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
Խորհուրդը միաժամանակ նշեց, որ տնտեսության զարգացման նկարագրված միտումների շարունակականության դեպքում կանխատեսվող գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում։ Այս պարագայում խորհուրդը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ թողնելը այն պայմաններում, երբ մի կողմից գնաճը երկու ամիս շարունակ ձևավորվում է թիրախային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում, իսկ մյուս կողմից՝ բացակայում են ներքին և արտաքին գնաճային ճնշումները, հակասական է։
Խնդիրն այն է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության միջոցով կա՛մ զսպվում է գնաճը, կա՛մ խթանվում է տնտեսական աճը։ Նշենք, որ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման 8% տոկոսադրույքի քաղաքականություն իրականացվում է 2011թ. սեպտեմբերից։ Այս ժամանակահատվածում գնաճի տեմպը ոչ միայն դանդաղել է, այլև դուրս է եկել թիրախային ցուցանիշի թույլատրելի տատանումների շրջանակից։ Այդուհանդերձ, ԿԲ-ն ոչ միայն չի վերանայել այն, այլև գտնում է, որ տոկոսադրույքը չեզոք ազդեցություն է թողնում գնաճային միջավայրի վրա։
Հիմնվելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների վրա՝ 2012թ. ապրիլին 12-ամսյա գնաճի 1,9% մակարդակը պայմանավորված է հանրապետությունում պարենային ապրանքների ցածր գներով։ Նշենք, որ այս ապրիլին, մարտի համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի գների նվազել են 7,6-1,5%-ով։
Կենտրոնական բանկը սպասում է

Civilnet










