Այս տարվա 1-ին եռամսյակում հեռահաղորդակցության ոլորտում հասույթների 4% աճից պետբյուջեն չի շահել։ Ոլորտի յոթ հիմնական խաղորդների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16%-ով։ Հարկերի նվազման հիմնական «մեղավորները» «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններն են։
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մրցակցությունից պետբյուջեն միայն տուժել է։ Խնդիրն այն է, որ բջջային հեռախոսակապի շուկայում թեև մրցակցությունը թեժ է, սակայն դրանում առկա են անբարեխիղճ տարրեր։
Այսպես. համաձայն Պետեկամուտների կոմիտեի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի՝ այս տարվա 1-ին եռամսյակում հեռահաղորդակցության ոլորտի յոթ հիմնական խաղորդները պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 6 մլրդ կամ 16%-ով (1,2 մլրդ-ով) պակաս հարկեր, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Հարկերի կրճատումը տեղի է ունեցել հեռահաղորդակցության ոլորտի 1-ին եռամսյակի հասույթների մոտ 1,5 մլրդ-ով աճի պայմաններում։
Վճարած հարկերի 90%-ը կամ 5,4 մլրդ-ը բաժին է ընկել բջջային հեռախոսակապի շուկայում գործունեություն ծավալող երեք ընկերություններին։ «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների վճարած հարկերը կրճատվել են համապատասխանաբար 35%-ով (1 մլրդ-ով) և 51%-ով (647 մլն-ով)։ «Ղ-Տելեկոմ»-ի հարկերի ծավալն աճել է 12,5%-ով կամ 300 մլն-ով։
Օպերատորների վճարած հարկերի ծավալը ցույց է տալիս, որ շուկայում ծավալվող մրցակցության ու ընկերությունների ֆիզիկական մասնաբաժինների որոշակի փոփոխության հետևանքով բյուջեն տուժել է մոտ 1,4 մլրդ-ով։ Հարկերի կրճատումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ այս տարվա 1-ին եռամսյակում բջջային հեռախոսակապի սեգմենտի հասույթներն աճել են 12,3%-ով։
Եթե «ԱրմենՏել»-ի հարկերի կրճատման պատճառներից մեկը հեռախոսակապի բիզնեսն է, որի հասույթները, ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, 1-ին եռամսյակում կրճատվել են 12,5%-ով կամ 847 մլն-ով, ապա «Օրանժ Արմենիա»-ի հարկերի կրճատումը մրցակցային մարտավարության արդյունք է։ Ընկերությունը շարունակում է շուկայում դիրքավորվել որպես «էժան» օպերատոր և քանակային առաջխաղացում արձանագրում։ Նման մարքեթինգի արդյունքում չի շահում պետբյուջեն։ Այս տարվա 1-ին եռամսյակում ընկերությունը վճարել է 634 մլն-ի հարկեր կամ անցած տարվա 1-ին եռամսյակի համեմատ Դ647 մլն-ով պակաս։
Ինտերնետն օգուտ է բյուջեին
Ի տարբերություն բջջային և ամրակցված հեռախոսակապի սեգմենտների՝ լարային ինտերնետի բիզնեսի զարգացումից պետբյուջեն միայն շահել է։ Թեև այս տարվա 1-ին եռամսյակում ոլորտի հասույթներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 0,7%-ով, ոլորտի չորս խոշոր ընկերությունների վճարած հարկերի ծավալն ավելացել է 1,2 անգամ՝ կազմելով 608 մլն։ Աճն ապահովել են հիմնականում մագիստրալային օպերատոր GNC Alfa-ն (վճարել է 407 մլն կամ մոտ երկու անգամ ավելի) և ինտերնետի մանրածախ շուկայում գործունեություն ծավալող Ucom-ը (վճարել է 143 մլն կամ 3 անգամ ավելի)։
Ոլորտի հասույթների կրճատման պայմաններում հարկերի ավելացումը պայմանավորված է կատարվող ներդրումների ծավալով, ինչպես նաև շուկայի կառուցվածքի փոփոխությամբ՝ անարդյունավետները զիջել են դիրքերը։
Ucom-ի հարկային վճարումների կտրուկ աճը պայմանավորված է ցանցի ընդլայնման համար սարքավորումների և մալուխների ներկրումով (հարկերի 84%-ը հավաքագրվել է մաքսային ծառայության միջոցով)։
Բյուջեն՝ մրցակցության զոհ

Civilnet










