Գլխավոր Լրահոս

Ով ում է աղաչում

Ընտրություններից հետո կոալիցիա կազմելու մասին քննարկումը մնում է քաղաքական օրակարգի գլխավոր թեման: Արդեն ակնհայտ է, որ ԲՀԿ-ի ներսում գերիշխում է երկու կարծիք: Կուսակցության քաղաքական թևը չի պաշտպանում հնարավոր կոալիցիայի գաղափարը: Այս տեսակետի պաշտոնական հիմնավորումն այն է, որ ՀՀԿ-ն միայնակ կոալիցիա կազմելու համար խորհրդարանում մեծամասնություն ունի, հետևաբար կարիք չկա, որ իրենք ևս ընդգրկվեն ապագա կառավարության կազմում:

Նաև ակնարկվում է, որ եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիայի մեջ, կկորցնի ժողովրդի վստահությունը և ՕԵԿ-ի ճանապարհը կընտրի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի ԲՀԿ-ի՝ որպես քաղաքական գործոնի թուլացմանը: Կուսակցության մյուս թևը, որը հիմնականում ներկայացված է բիզնես շրջանակների և տարբեր տրամաչափի չինովնիկների տեսքով, գերադասում է, որ ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմի: Նման տեսակետ ուենալու մոտիվացիաներն ակնհայտ են, և մանրամասնելու կարիք չկա:

Կարծես այս հարցի հետ կապված կարծիքները միատարր չեն նաև նժդեհականների մոտ: ՀՀԿ-ն ներկայում փորձում է տպավորություն ստեղծել, որ ընդհանրապես հակված չէ կոալիցիա կազմել, սակայն «եթե ԲՀԿ-ն կամ խորհրդարան մտած այլ ուժեր իրենց խնդրեն կոալիցիայի մեջ ընդգրկվել, ապա իրենք կմտածեն»: ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին հայտարարել է. «Ցանկալի չի, բայց չեմ իմանում, դեռ հայտնի չի: Մենք նրա կարիքը չունենք: Հանրապետականը կոալիցիայի կարիք չունի: Եթե շատ խնդրի, միգուցե թույլ տանք: Եթե շատ խնդրեն, աղաչեն, որ տվեք մեզ շանս՝ արդարացնենք մեզ՝ կարող է»:

Իսկ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարել է, թե այսօր իրենց վիճակն այնպիսին է, որ մյուսները պիտի նախ դիմեն ՀՀԿ-ին, և կոալիցիա կազմելը իրենց երազանքը չէ:

Այս ֆոնին ՀՀԿ-ն ներկայացնող տարբեր բարձրաստիճան դեմքեր միաժամանակ հասկացնում են, որ իրականում իրենք դեմ չեն այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիոն շրջանակում համագործակցությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, հայտարարել է, որ նոր կոալիցիայի հարցը քննարկումների փուլում է:

ՀՀԿ-ն հայտնվել է, մեղմ ասած, տարօրինակ իրավիճակում: Հստակ հասկանում են, որ նոր կոալիցիան խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում անտրամաբանական է և հակաքաղաքագիտական: Այդ պատճառով է, որ այս ընթացքում նրանք լծվել են հնարավոր կոալիցիան բնորոշող ձևակերպումներ գտնելու գործին: Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է.

«Բնականաբար, համաձայնություններ կլինեն, բայց դրա անունը կոալիցիա կլինի, թե դաշինք կամ թե պարզապես համաձայնություն, կկանխորոշվի օրեր հետո»:

Իսկ ահա դեռևս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասել է, որ կարող է լինել գաղափարական կոալիցիա: Անհասկանալի է, թե ինչ նկատի ունի Նիկոյանը գաղափարական կոալիցիա ասելով: Նման տարաբնույթ մեկնաբանությունները ցույց են տալիս, որ հանրապետականները հստակ հասկանում են, որ նոր կոալիցիա կազմելու դեպքում դժվար է լինելու հանրությանը բացատրել, թե ինչն է իրենց ստիպել կոալիցիա կազմել, եթե սեփական ուժերով կարող էին դա անել: Հետևաբար՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության կարիք չունի և որևէ մեկին չի խնդրելու կոալիցիա կազմել, սակայն կուսակցությունն այնքան կառուցողական և հանդուրժողական է, որ պատրաստ է զիջել դե յուրե իրեն պատկանող իշխանության մի մասը:

Իրականում նմանատիպ հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՀՀԿ-ականները խիստ շահագրգռված են կոալիցիոն կառավարություն ունենալու մեջ և իրականում իրենք են «աղաչում», որով մի քանի խնդիր են ցանկանում լուծել.

1. Ստանալ ԲՀԿ-ի հավաստիացումը 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու և սեփական թեկնածուով հանդես չգալու մասին:

2. ԲՀԿ-ին ներքաշել կոալիցիայի մեջ և դրանով իսկ սկսել վերջինիս՝ որպես քաղաքական ուժի ոչնչացումը: Սերժ Սարգսյանն այս հարցը լուծելու համար ԲՀԿ-ին կարող է նույնիսկ ավելի կարևոր դերեր խոստանալ նոր կառավարությունում և խորհրդարանում:

Ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ն կարող է չաղաչել և կոալիցիա չկազմել ՀՀԿ-ի հետ և նախագահական ընտրություններին ներկայանալ սեփական թեկնածուով:

Տարբերակ կա նաև, որ Գագիկ Ծառուկյանը չմտնի նոր կոալիցիայի մեջ, բայց նաև սեփական թեկնածու չունենա նախագահական ընտրություններին: Այս պարագայում անհասկանալի կլինեն ԲՀԿ-ի նպատակներն ու հեռանկարները: Դա գրեթե հավասար կլինի Սերժ Սարգսյանին սատարելու որոշմանը: Մեծ հավանականությամբ՝ այս դեպքում կարծիք է հնչելու, որ եթե ԲՀԿ-ն վերջնական արդյունքում սատարելու էր Սերժ Սարգսյանին, ապա առավել ազնիվ կլիներ, որ դա աներ ընտրություններից ամիսներ առաջ: Սակայն իր ուսերին ունենալով Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը՝ խիստ կասկածելի է, որ ԲՀԿ-ն այս ընտրություններում կունենար 30-տոկոսանոց վստահության ռեսուրս:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում