Գլխավոր Լրահոս

Արարողակարգային հեռուստատեսություն

ԱԺ ընտրություններում հեռուստաընկերությունների դերը որոշարկվեց հենց քվեարկության օրը՝ այն արարողակարգային էր: Հետընտրական հեռուստաընկերություններն այդ իմաստով դուրս չեն եկել արարողակարգային լինելու կարգավիճակից: Այսօր էլ նրանք ներկայացնում են կուսակցությունների հայտարարություններն ընտրությունների մասին: Բայց այդ հայտարարություններն ամբողջն են, ինչ կարելի է այսօր լսել ընտրությունների մասին: Նույնքան արարողակարգային էր մայիսի 8-ի ՀԱԿ-ի հանրահավաքի լուսաբանումը: Ոչ միայն արարողակարգային էր, այլև մանիպուլացիոն: ՀԱԿ-ի հանրահավաքում բոլոր ելույթ ունեցողները խոսել են ԱԺ ընտրություններում կիրառված կեղծիքների տարբեր մեխանիզմների մասին, վկայակոչվել են տվյալներ: Սրանց մեջբերումից թողարկումը չէր դադարի արարողակարգային լինելուց, բայց մանիպուլացիոն էլ չէր լինի:

Ի՞նչ է նշանակում արարողակարգային լուսաբանումը: Դա նշանակում է, որ զորակոչի օր հայտարարելու մասին հանրապետության նախագահի հրամանագիրը և ընտրությունների ամբողջ գործընթացը միմյանցից ոչնչով չեն տարբերվում: Երկու դեպքում էլ լրագրողի աշխատանքը զրոյական է, ընդ որում՝ այնքան առանց ջանքի է արվում հեռուստատեսային լրատվությունը, որ կիրակի օրերը, մասնավորապես «Առաջին լրատվական»-ը, կրկնում է նախորդ օրերի ամենաարարողակարգային լուրերը: Այս կիրակի անկասկած Հ1-ի «Առաջին լրատվական»-ով կարելի է դիտել Հաղթանակի եռատոնին նվիրված մայիսի 9-ի թողարկման կրկնությունը մեկ-երկու սինխրոն ավելացրած: Սերիալ է, ոչ թե լրատվություն: Միայն արարողակարգային հեռուստատեսությունում իր ժամին հեռարձակված լրատվական թողարկումը կարող է կոչվել «բացառիկ», ընդ որում՝ միայն մայիսի 9-ի սխրանքների մասին:

Բոլոր հեռուստաընկերությունները փակված են համարում մայիսի 6-ի թեման: Ընտրություններն ավարտվեցին: Չի էլ վերլուծվում, թե ինչ տեղի ունեցավ: «Երկիր Մեդիա»-ն է միայն, որ ընդդիմության, այս դեպքում Դաշնակցության ԳՄ ներկայացուցչի բերանով փորձում է հասկանալ, թե ինչ կատարվեց մայիսի 6-ին: Հեռուստաընկերություններն ասես փորձարկում են արարողակարգային TV-ի «հարմարությունները» 2013թ. սպասվող նախագահի ընտրություններին ընդառաջ: Նշանակում է՝ բոլոր լուրերը ծառայեցվելու են ինչ-որ նվաճումների, ինչ-որ տնտեսական հաջողությունների արձանագրմանը: Որովհետև ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որի ժամանակ ընդդիմությունը եթերից գրեթե չէր իջնում, ամբողջ մինչնախընտրական փուլի համեմատ, այլմոլորակային իրականության պատմությունն էր՝ ինչո՞ւ է ընդդիմությունն ուզում հաղթել, ի՞նչն են ձախողել իշխանությունները, և ո՞ւմ հրաժարականն են պահանջում՝ հայտնի չէ: Պարզ է, որ բոլորն էլ լավ են պատկերացնում ընդդիմության ասածն ու ուզածը, բայց երբ հեռուստաընկերությունը արարողակարգային է, այսինքն՝ լրագրողի աշխատանքից անկախ հեռուստաընկերություն է, մի տեսակ անախրոնիկ են այն մեղադրանքները, որոնք ընդդիմությունը բոլոր հեռուստաընկերություններով հնչեցնում է նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Ըստ իս՝ ամբողջ խնդիրը լրագրողին առանց աշխատանքից ազատելու հեռուստաընկերությունից դուրս մղելու մեջ է: Նա դարձել է մամուլի ծառայության աշխատող: Լրագրողն իրադարձությունից պակաս դրսևորվող մարդ է, ինքն իրադարձության մեջ չէ: Facebook-ի դարում նույնիսկ հասկանալի չէ, թե հեռուստալրագրողն ինչպես է իր անուն-ազգանունը դնում մի ռեպորտաժի տակ, որը միայն իրադարձության բառերի մասին է: Ինքնին պարզ է, որ հեռուստալրագրողի մեղքն այս ամենում զրոյական է, և media.am-ը շատ է գրել այս մասին, բայց հայտնի է, որ այս ամենում իշխանությունը, հեռուստաընկերության ղեկավարությունը ճշտել է իր նպատակները: Իսկ որո՞նք են հեռուստալրագրող պահելու և վարձատրելու նպատակները:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում