Գլխավոր Լրահոս

ԲՀԿ-ի քաղաքական թևը պարտվո՞ւմ է

ԲՀԿ-ի քաղաքական թևը պարտվո՞ւմ է

Ընտրություններից հետո նոր իշխանական կոալիցիա կազմելու շուրջ ստեղծված լարված իրավիճակը կարծես հանգուցալուծվում է: Դատելով մամուլի հրապարակումներից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակից մի շարք ինքնաբացարկներից՝ կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում հաղթում է բիզնես-չինովնիկական թևը: Մայիսի 6-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու խնդրի հետ կապված ԲՀԿ-ի ներսում կարծիքները բաժանվել էին երկու մասի: Քաղաքական թևը, որը ներկայացնում էին Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հմայակ Հովհաննիսյանը և այլք, հանդես էին գալիս կոալիցիա մտնելու դեմ: Վերջիններս պնդում էին, որ ՀՀԿ-ի` խորհրդարանում մեծամասնություն ունենալու պարագայում բոլորովին անտրամաբանական է նրա հետ ձևական կոալիցիա կազմելը և վստահության բավական մեծ ռեսուրս ունենալով՝ հարկավոր է քաղաքական դաշտում այլ տիպի դերակատարություն ստանձնել: Մյուս թևը, որտեղ հիմնականում ընդգրկված են չինովնիկական և բիզնես շրջանակները՝ իրենց պաշտոնները պահպանելու և սեփական բիզնեսները ապահովագրելու մտահոգությունից ելնելով, հակված են կոալիցիա կազմել:

Եթե իրականության դառնան մամուլի այն պնդումները, որ ԲՀԿ-ն ընտրել է իշխանությանը չհակադրվելու ճանապարհը, դա կնշանակի, որ առնվազն 30-տոկոսանոց հասարակական վստահության պաշարով այդ կուսակցությունը գնում է որպես քաղաքական ուժ ինքնաոչնչացվելու ճանապարհով: Խորհրդարանական այս ընտրություններին ԲՀԿ-ն հաջողություն ունեցել էր մեծապես այն բանի շնորհիվ, որ հանդես էր եկել որպես այլընտրանք ՀՀԿ-ին և ստացել էր ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մենաշնորհից դժգոհ քաղաքացիների քվեները: Այսօր, սակայն, կարող է պարզվել, որ կուսակցությունը, կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի հետ, վերածվում է ստատուս քվոյի պահպանման կողմնակցի և որպես այլընտրանք փոշիանում է, իսկ ԲՀԿ-ին որպես այլընտրանքի հավատացած քաղաքացիները հայտնվում են «քցվածի» կարգավիճակում:

Եթե ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելու լուրերն իսկապես հաստատվեն, դա կնշանակի, որ այդ կուսակցությունը ոչ միայն կորցնում է Հայաստանի քաղաքական կյանքում հետագա լուրջ դերակատարություն ունենալու, այլև ընդհանրապես դասական կուսակցություն դառնալու բացառիկ հնարավորությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում