Գլխավոր Լրահոս

Ծալած ձեռքերով հեղափոխության վերջը

Հավանաբար քչերը գլխի ընկան, որ իշխանությունն ԱԺ ընտրություններին մասնակցեց Հայ ազգային կոնգրեսի կարգախոսով՝ անհրաժեշտ է հեղափոխություն։ Իշխանությանը պետք էր «փակել» հեղափոխության հարցը, և նա բարեհաջող լուծեց այդ հարցը «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով։ Արդեն չորս տարի հեղափոխության ուրվականը Հայաստանում է։ Բոլորը գիտեն, որ հեղափոխությունն անխուսափելի է, պարզապես դա ժամանակի հարց է։ Ընդդիմությունն ի վերջո կարողացավ խոստովանել, թե ինչ հեղափոխություն նկատի ունի՝ մտակերտվածքի։ Այսօր նա իր նվաճումն է համարում, որ իշխանությունը տեղամասերում ոչ թե ծեծում-ջարդում է ընդդիմության վստահված անձանց, այլ պարզապես տեղամասերից դուրս կաշառում է ընտրողներին։ Հեղափոխության մեկ դրվագը, ըստ ընդդիմության, իրականություն է՝ իշխանությունը չի բռնանում։ Բայց ՀՀ բոլոր ԱԺ ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ մեկ առանձին կուսակցություն այնպիսի մեծամասնություն վերցրեց, որ ընդդիմությունն ԱԺ-ում գրեթե անելիք չունի։ Հիմա սա ընդդիմության հեղափոխական կեցվածքի նվաճումներից է, թե ոչ՝ դժվար է ասել։

Իշխանությունը գիտի, որ նախկին ձևով այլևս կառավարել չի կարող։ Այսինքն՝ չի կարող մինչև վերջ արհամարհել սեփական ժողովրդին։ Բայց ի՞նչ է անում փոխարենը։ Արտագաղթն արդեն ամբարտակներ փլուզած լճի նման անարգել գնում է որևէ հուն չհարցնելով։ Իշխանությունը հընթացս խոստովանում է՝ իսկ ի՞նչ, թողնենք, որ հեղափոխությո՞ւն անեն։ Օլիգարխիան երբեք այսքան անթաքույց ու այսքան հրապարակային չի իրականացրել իր տնտեսական անպատժելիությունը՝ ընտրություններից ընդամենը մեկ օր հետո Սամվել Ալեքսանյանը թանկացնում է շաքարավազը։ Ուղիղ երկու օր առաջ օլիգարխիան մարդկանց կաշառում էր ոչ թե իրենց տանը կամ մուտքի դռան առաջ, այլ փողոցներում, ամբոխներով։ Հավանաբար ոչ ոք չի կարող ասել, թե այս ամենում ինչն է հեղափոխական՝ ժողովրդի այլասերո՞ւմը, թե իշխանության զգոնության իսպառ բացակայությունը։ Կրկին դժվարանում եմ ասել։ Բայց փաստն այն է, որ ընտրություններից առաջ իշխանությունը որոշեց գոնե կարգախոսների տեսքով աշխատել ընդդիմության դաշտում՝ նա հռչակեց փոփոխությունների անհրաժեշտություն։ ՀԱԿ-ն ասում է, որ ինքը մտակերտվածքի փոփոխություն է առաջարկում, իշխանությունը հակադարձում է՝ իսկ մենք ի՞նչ ենք ասում, մենք նույնպես առաջարկում ենք մտակերտվածքի փոփոխություն, քանի որ ինքներս հեռանալ չենք պատրաստվում:

Ովքեր այս կամ այն չափով հետաքրքրվում են քաղաքականությամբ, շատ արագ կհասկանան, որ իշխանության փոփոխությունների կամքը չի կարող իրականություն դառնալ նույն դեմքերով, որոնք երկրի գրեթե բոլոր հանցանքներում ունեն իրենց աղմկոտ մասնակցությունը։ Եվ պետք չէ կարծել, թե ժողովուրդը լուրջ էր ընդունել «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը։ Կարգախոսն իշխանությանն անհրաժեշտ էր ընդամենը պայքարի իմիտացիայի համար։ Սակայն ահա հարցերի հարցը՝ ինչո՞ւ իշխանությունը որոշեց խաղալ ընդդիմության տեսլականներով՝ չէ՞ որ եթե հեղափոխությունը ֆիզիկապես իրականանալի չէ, – այսինքն՝ ընդդիմությունը ոչ թե իշխանությունն է ուզում փոխել, այլ մարդկանց մտակերտվածքը, – ուրեմն մնացած բոլոր «հեղափոխությունները» տեսանելի չեն լինի ժողովրդին։ Ահա այդ տեսանելի չդարձող հեղափոխության ուրվականն էլ ժողովրդին ստիպեց գերադասել «նաղդը նիսյայից»։ Նա որոշեց փող վերցնել, վերցնել շատ, և կարևոր չէ, թե վաղն իր այդ քայլը ինչ նոր փորձանքներ կբերի իր գլխին։ Կոնգրեսը շարունակում է հեղափոխության հարցը բաց համարել, այսինքն՝ նպատակը դեռ իրականացված չէ, ժողովուրդն ասում է՝ այդպիսի նպատակ չկա, երեկ ծեծում էին, այսօր՝ կաշառում, ի՞նչ տարբերություն։ Ժողովուրդը չի ուզում դերակատար լինել «ձեռքերը ծալած հրամայականներում»՝ կա՛մ հեղափոխություն արեք, կա՛մ մեզ հանգիստ թողեք։ Կոնգրեսն ասում է՝ հեղափոխությունը մեկ օրում չեն անում, ժողովուրդը հակադարձում է՝ մեզ ցույց տվեք առարկայական որևէ նվաճում, որը տեղի է ունեցել հեղափոխության շրջանակներում։ Ժողովուրդն ասում է՝ մեզ ցույց տվեք հեղափոխության թեկուզ փոքրիկ քայլերը։ Կոնգրեսն ասում է՝ բայց մեզ հետ հաշվի են նստում։ Կոնգրես-ժողովուրդ լուռ երկխոսությունն ավարտվեց ընտրատեղամասերի ճանապարհին: Իշխանությունն արդեն գիտի՝ ինչպես զարգացնել իր հաղթանակը 2012թ. նախագահի ընտրություններում, Կոնգրեսն ընտրություններից տասը ամիս առաջ հայտարարում է՝ ԱԺ-ն մեզ պետք է, որպեսզի նա այնտեղից ժողովրդին հասցնի իր խոսքը։ Հետաքրքիր է, կոնկրետ ո՞ր հեռուստաընկերությամբ են հասցնելու, եթե, ինչպես անցած չորս տարիներին, մոնիթորինգներն սկսվում են միայն ընտրարշավի օրերին։ Ժողովուրդն իրականում ուզում է հասկանալ՝ ինչքա՞ն է Կոնգրեսի հռչակած հեղափոխության միջին հեռավորությունը իրենից, որպեսզի հասկանա, թե ո՞ր ուղղությամբ նայի։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում