Գլխավոր Լրահոս

Էներգիայի փոխակերպման «վտանգը»

Էներգիայի փոխակերպման «վտանգը»

Մայիսի 6-ի ընտրություններում իր օգտին գրանցելով խորհրդարանական տեղերի գերակշիռ մեծամասնությունը՝ իշխող Հանրապետական կուսակցությունն այնուամենայնիվ ձգտում է կոալիցիա կազմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

Բնական է՝ կոալիցիայի միակ նպատակը լինելու է, որ 2013թ. նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին:

ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիոն կառավարությունը, որի անհրաժեշտությունը որևէ նորմալ ժողովրդավարական երկրում չպետք է լիներ, առաջին հերթին հարված կլինի քաղաքացիների այն զանգվածին, որն ընտրություններից ակնկալում էր որևէ տեսակի փոփոխություն: Իսկ մանավանդ Հայաստանում վերջին տարիներին փոփոխությունների ձգտող քաղաքացիների պակաս չի զգացվում: ԲՀԿ-ի հետ իրական կոալիցա կազմելը ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի համար միակ հնարավորությունն էր երկրում առկա բողոքական էներգիան սպառելու և անվտանգ կերպով «հասարակական գոլորշին» դուրս բերելու համար: Սակայն գործող իշխանությունը, սեփական ուժերի նկատմամբ անվստահությանն ու ագահությանը տուրք տալով, ընտրել է բավական վտանգավոր ճանապարհ:

Հայաստանում անցկացված գրեթե բոլոր խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հիմնականում կեղծվել են, դժգոհության ալիքը հորդել է նախագահական ընտրությունների ժամանակ: Իշխանությունը մոռանում է, որ գոյություն ունի էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, և հնարավոր չէ գոյություն ունեցող հզոր դժգոհության էներգիան պարզապես կոնսերվացնել և անէացնել: Նման հաշվարկներով առաջնորդվելով՝ իշխանությունը փաստի առաջ կանգնեց 1996թ., 2003թ. և 2008թ.: Օրինակ՝ 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո քչերն էին կասկածում, որ Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյան 26-ում հայտնվելը հարյուր տոկոսով կանխորոշված է:

Սակայն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ երկրում առկա բողոքական էներգիան այնպիսի փոխակերպման ենթարկել, որ արդյունքում Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին կարողացավ նստել միայն մարտի 1-ի ողբերգությունից հետո: Գրեթե միլիմետրերի տարբերությամբ Սերժ Սարգսյանը կրկնում է նույն սխալը՝ նա փորձում է նստել վառոդով լի տակառի վրա, որը գտնվում է հրդեհավտանգ վայրում:

Հնարավոր են փաստարկներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միակ լիդերն էր, որ կարող էր հրապարակային պայքարի միջոցով ճակատամարտ տալ Սերժ Սարգսյանի դեմ, և այժմ նման լիդեր չկա: Սակայն հարկ է նշել, որ գոյություն ունեցող էներգիան հակված է շատ արագ կոնսոլիդանալու և տարբեր նպատակների համար ծառայելու: Որքան էլ խարիզմատիկ և խելացի լինի լիդերը՝ առանց նման հսկայածավալ էներգիայի նա պարզապես դատապարտված է անգործության: Հայաստանում այդ էներգիան երկու ձևով է իրեն զգացնել տալիս՝ հրապարակային դաժան պայքարի և արտագաղթի: Հենց արտագաղթի ահռելի չափերն էլ դրա վկայությունն են, պարզապես արտագաղթը չի կարող ամբողջովին սպառել այդ էներգիան:

Խնդիրները ճիշտ ձևակերպելու դեպքում նախագահական ընտրություններն այդ էներգիայի շնորհիվ կարող են վերածվել նոր սկզբի Հայաստանի Հանրապետության համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում