Այս օրերին վերջնականապես պարզ դարձավ, թե ինչ կարծիք ունի «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 6-ի ընտրությունների հետ կապված՝ թեև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններից դժվար է պատկերացում կազմել «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշման մասին: Երեկ կուսակցության նախընտրական շտաբում «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամների և ակտիվիստների հավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրենք, ճիշտ է, սխալվել էին իրենց հաշվարկների մեջ, երբ կարծել էին, որ ընտրողների 25 տոկոսն իրենց է ձայն տալու, սակայն կոչ է արել ներկաներին չհուսալքվել, և պայքարել հանուն «Նոր Հայաստանի»:
Նկատենք, որ այս հայտարարության մեջ «Ժառանգության» առաջնորդը չի ասում, որ իրենց ձայները կեղծվել են, և 5-տոկոսանոց վստահության քվեն ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը: Տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իրոք խոստովանում է, որ Աժ ընտրությունների արդյունքները արտացոլում են «Ժառանգության» ունեցած վարկանիշը:
«Ժառանգության» առաջնորդի երեկվա և այսօրվա հայտարարությունների մեջ ընտրությունները քննադատող լղոզված ձևակերպումներ կան, որոնցից շատ բարդ է պատկերացում կազմել, թե իրականում նոր խորհրդարանը ինչքանով է համապատասխանում ժողովրդի կամարտահայտությանը: Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարության մեջ ասված է. «Գործող վարչակարգն աննախադեպ կերպով մեղսակցության պաշտամունք պարտադրեց հայ հանրության հոծ զանգվածներին և, չնայած իր իսկ հնչեցրած ժողովրդավարական հռետորաբանությանը, ընտրություններում բացարձակ քամահրական պահվածք դրսևորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի և ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի նկատմամբ»: Նա նաև նշում է, թե «հերթական անգամ ունեցանք դե ֆակտո խորհրդարան»: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը քամահրական պահվածք է դրսևորել ժողովրդի կամարտահայտության նկատմամբ, անհասկանալի է, թե ինչո՞ւ են իրենք սխալվել իրենց հաշվարկների մեջ և ստացել հինգ անգամ պակաս քվե: Գուցե սխալվե՞լ են՝ հավատալով, որ Սերժ Սարգսյանը «Ժառանգությանը» կամրագրի 25-տոկոսանոց արդյունք, սակայն գործող նախագահը «իր խոսքին տեր չի կանգնել» և խճճել է Րաֆֆի Հովհաննիսյանի հաշվարկները: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ իրենք անպայման մասնակցելու են 2013թ. նախագահական ընտրություններին: Անհասկանալի է, թե նրանց ընդունած 5-տոկոսանոց վստահության պաշարով ինչքանո՞վ հնարավոր կլինի լուրջ հայտ ներկայացնել նախագահական ընտրությունների ժամանակ և արդյո՞ք այդ մասնակցությունը դե ֆակտո մասնակցություն չի լինելու: Ավելի ճիշտ չէ՞ր լինի խոսել այն մասին, թե իրենց կարծիքով ի՞նչ չափով են կեղծվել ընտրությունները և ի՞նչ մեխանիզմներով: Ամեն դեպքում, եթե «Ժառանգությունը» գտնում է, որ ընտրությունները կեղծվել են, և խորհրդարանն էլ լեգիտիմ չէ, ինչո՞ւ է վերցնում մանդատները, ի՞նչ հիմնավորմամբ:
Civilnet











