Գլխավոր Լրահոս

Հայաստանը նայում է դեպի Եվրոպա

Հայաստանը նայում է դեպի Եվրոպա

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հակասություն չի տեսնում, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է վարում Եվրամիության հետ տնտեսական մերձեցման ուղղությամբ: Այս մասին վարչապետը գրել է ռուսական «Վեդոմոստի» թերթում՝ այսօր հրապարակված «Հայաստանը նայում է դեպի Եվրոպա» վերնագրված հոդվածում։ Այն թարգամանաբար և որոշ կրճատումներով՝ ստորև։

ԱՊՀ-ն զարգացման բարդ փուլ է վերապրել՝ ապատիա և անվստահություն հեռանկարների նկատմամբ։ Շատ հաճախ կարծիքներ էին հնչում, թե համագործակցությունն առանց բռնակի ճամպրուկ է. այն կրելը ծանր է, թողնելը՝ ափսոս։ Ամեն դեպքում՝ ինտեգրման գործընթացների իրականության հաստատումը դարձավ անցած տարի Սանկտ Պետերբուրգում ստորագրված  և վերջերս Ռուսաստանի վավերացրած ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։

Ակնհայտ է, որ այս համաձայնագրի բոլոր մասնակիցները՝ առանց բացառության, մեծ օգուտ են ստանում։

Մի կողմից՝ ԱՊՀ ութ պետությունների միջև ավելի վաղ ստորագրված երկկողմ համաձայնագրերի ձևաչափով գործող սահմանափակումները զգալիորեն կրճատվում են։ Ստեղծվում են լավագույն պայմանները միասնական տնտեսական տարածքում ապրանքների և ծառայությունների իրացման համար։ Ապրանքների որոշ խմբերի համար նախատեսվում է  ներկրման և արտահանման մաքսատուրքների չեղյալ հայտարարում։ Վերջապես՝ ստեղծվում են լիցենզավորման և քվոտավորման համար միասնական կանոններ։ Սուբսիդավորման ոլորտում սահմանված են համաշխարհային չափանիշներին համապատասխան հստակ, անգամ խիստ կանոններ։

Մյուս կողմից՝ համագործակցության նոր ձևերը, կարելի է ասել սրում են արդարության զգացումը ԱՊՀ երկրների հանդեպ։ Մասնակիցներից որևէ մեկի համար ընդունելի չէ, որ այս կամ այն երկիրը չարաշահի խաղի կանոնները միասնական տնտեսական տարածքի գործունեության շրջանակում։ Միաժամանակ՝ սուբյեկտների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների զգալի տարբերության պայմաններում պարիտետի հասնելը չափազանց բարդ է։ Իսկ սա իրական արդյունավետ ինտեգրման գործում շահագրգիռ բոլոր կողմերի գլխավոր խնդիրն է։ 

Առևտրային առանձին համաձայնագրերից զանգվածային փոխշահավետ համագործակցության անցավ անցման դեղատոմսը հենց տնտեսական իրողությունն է հուշում։ Ժամանակակից աշխարհի առանձնահատկությունը գլոբալ շուկաների փոփոխվող կոնֆիգուրացիան է։ Այս պայմաններում մենք պետք է հարաբերությունների նոր ձևաչափեր մշակենք, որոնք գյուղատնտեսական սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ կստեղծեն։ Այստեղից էլ՝ պահվածքի համապատասխան ոճը. մտածելով ապագայի մասին՝ մենք պարտավոր ենք մշտապես արդիականացնել ինստիտուտները, որոնք ի վիճակի են ինտեգրման գործընթացների համար հարմար ենթակառուցվածքներ ձևավորել։ Առաջին հերթին՝ միասնական ստանդարտների և դրանց հետևման խիստ վերահսկողության սահմանման հաշվին։ Կարևոր է համատեղ քայլերի ձեռնարկումը՝ աջակցելով հետ մնացող երկրներին բացահայտել տնտեսական աճի իրենց ներուժը։ Ինտեգրման գործընթացներից պետք է շահեն բոլորը, հակառակ դեպքում՝ կորչում է դրանց տնտեսական և քաղաքական բովանդակությունը. ինտեգրումը՝ հանուն ինտեգրման, անիմաստ է։  

Մենք ԱՊՀ-ի և ԵվրԱզԷսի շրջանակում մշտապես եղել ենք տնտեսական կապերի խորացման կողմնակից: Մյուս կողմից՝ Մաքսային միությանն անդամակցելը բովանդակային չէ, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ո´չ Ռուսաստանի, ո´չ Ղազախստանի, ո´չ էլ Բելառուսի հետ: Սակայն միավորման այս հարթակում հնարավոր են փոխշահավետ համագործակցության այլ տարբերակներ: Անհրաժեշտ են ինտեգրման խթաններ. կա այսպես կոչված «հեռավոր տարածքների» փորձը, երբ վերջիններս միության շրջանակում համագործակցում են ավելի մեղմ պայմաններով և ստանում որոշակի արտոնություններ: Մենք առաջարկել ենք մշակել Մաքսային միության և Հայաստանի համագործակցության որոշակի ձևաչափ: Հարցը հիմա ակտիվ քննարկման փուլում է։

Պետության տնտեսության գոյատևման և նորմալ գործունեության գլխավոր պայմանը տնտեսական համագործակցության աշխարհագրության առավելագույն հնարավոր ընդլայնումն է։ Այս տեսանկյունից՝ ԱՊՀ-ի, ԵվրԱզԷսի, այժմ էլ՝ եվրոպական համագործակցության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները մենք պետք է փոխշահավետ դիտարկենք։ Այս տեսանկյունից որևէ հակասություն չկա, որ Հայաստանը ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է վարում Եվրամիության հետ տնտեսական մերձեցման ուղղությամբ:

Առաջիկա երկու-երեք տարիներին մեզ սպասվում է լարված և մանրակրկիտ աշխատանք՝ եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ: Այս ստանդարտներին համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական և տեխնոլոգիական գործընթացների, ներքին հսկողության համակարգերի խոր փոփոխություններ, ամենակարևորը՝ արտադրական ցիկլի մասնակիցների վարքագծի փոփոխություն: Տնտեսությունը պետք է լուրջ որակական փոփոխությունների ենթարկվի: Մենք պետք է եվրոպական չափանիշներին համապատասխանեցնենք մեր օրենսդրական դաշտը և արտադրություններում անվտանգության վերահսկողության համակարգերը: Դա շատ ծավալուն և ծախսատար գործընթաց է, բայց այն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ: ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի. զգալիորեն կավելանան արտահանումն ու ներմուծումը, կկրճատվի արտաքին առևտրի դեֆիցիտը: Հատկանշական է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու մտադրություններ ունեն նաև Ուկրաինան և Մոլդովան։

Մեզ համար սա կարևոր է, որովհետև Հայաստանը  լուրջ ներուժ ունի՝ գլոբալ շուկայում դիրքավորվելու որպես էկոլոգիապես մաքուր ապրանքներ արտադրող երկիր։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում