Գլխավոր Լրահոս

Քաղաքական ուժերը՝ հիմնական չարիքի առանցքում

Հայաստանում կուսակցություններ չկան, և գաղափարախոսություններ չկան (ՀՅԴ-ից բացի): Սա հեշտ է ապացուցել: Ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ նույնպես տեղի չեն ունեցել: Եվ ահա թե ինչու:
Վերցնենք ՕԵԿ-ը: Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը առաջադրվում է պատգամավորության թեկնածու համամասնական ընտրակարգով (նաև՝ մեծամասնական, որից դեռ մինչև ընտրությունները ինքնաբացարկ է ներկայացնում): Արդեն հայտնի է, որ նա խորհրդարան չի անցել: ՕԵԿ-ին անդամագրվել էր ՀՀԿ-ի «քվոտայով», որովհետև Մանուկ Վարդանյանն ուր, կուսակցականությունն ուր: Մայիսի 15-ին ամբողջ մամուլը գրում է, որ նա հրաժարվելու է ՕԵԿ անդամությունից: Ինքն անձամբ պատասխանում է. «Ես ի՞նչ իմանամ՝ հրաժարվելու եմ, թե չէ»: Այսինքն՝ քվոտայի տերը պիտի ասի՝ հրաժարվի՞, թե՞ մնա:

Անցնենք ՀՀԿ-ին: Հայաստանում չկա մեկը, որը գլխի չընկնի՝ գաղափարախոսությամբ այդպիսի կուսակցություն գոյություն չունի, այն նոմենկլատուրայի կուսակցություն է, երեկվա ՀՀԿ-ականները «վարձավճարով» դառնում են ՕԵԿ-ական կամ ԲՀԿ-ական (Լյովա Խաչատրյան), կամ հակառակը: Այս ամենում ի՞նչ կապ ունի կուսակցությունը: Ոչ ոք չգիտի, թե իր կուսակցության էությունն ի՞նչն է: Ոչ ոք չգիտի, թե ինչ ունի տալու իր կուսակցությանը: Բոլորին հայտնի է նրանից ստանալիքը: Մանուկ Վարդանյանի ստանալիքի «Աստվածաշունչն» է:

Մոտենանք ՀԱԿ-ին: ՀԱԿ-ը կուսակցություն չէ, բայց երբ հիշում ես, որ այս քաղաքական դաշինքի գլխին Լևոն Տեր-Պետրոսյանն է, անմիջապես դառնում է «կուսակցություն»: Ոչ մի կասկած, որ ՀԱԿ-ը տապալեց խորհրդարանական ընտրությունները՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր՝ ՀՀԿ-ն, ժողովուրդը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց սկսվում է ՀԱԿ-ի փլուզման գործընթաց: Ինչո՞ւ: Որովհետև ՀԱԿ-ի համամասնության ամբողջ փիլիսոփայությունը 2012թ. ընտրություններում ոչ թե նրա ավազակապետության դեմն առնելու գաղափարախոսությունն էր, այլ առաջնորդի մեծամասնական կերպարը՝ Տեր-Պետրոսյանը ցուցակի գոնե առաջին քսան տեղերը զբաղեցնողներին պետք է դարձներ պատգամավոր:

Սերժ Սարգսյանը միայնակ էր իրականացնում ՀՀԿ-ի քարոզչությունը: Այսինքն՝ ՀՀԿ-ն նույնպես նրա «ողորմածության» հույսին էր: Իսկ ի՞նչ էր ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում էր՝ այո, կան խնդիրներ: Հետո գյուղացիները նրանից աշխատատեղ են խնդրում: Նա զարմանում է՝ գյուղացի՞ն էլ աշխատանք խնդրի: Երկրի ղեկավարը տեղյակ չէ, որ հենց խնդիրների պատճառով է աշխատանք խնդրում, այսինքն՝ խնդիրներն այնպիսի մասշտաբների են հասել, որ հողը հարց չի լուծում: Հանրապետության նախագահը միմյանցից տարբերակում է հողը և խնդիրները: Այսինքն՝ խնդիրները միայն քաղաքինն են: Ու այս մտածողությամբ ջախջախիչ մեծամասնություն է վերցնում ԱԺ-ում:

Մոտենանք «Ժառանգության»-ը: Դժվար է ասել, թե նույնիսկ չակերտներում որն է այս քաղաքական ուժի ասելիքը, հաճույքով կլսեմ նրանց, ովքեր ինձ կասեն, թե ինչ է ուզում «Ժառանգություն»-ը: Բայց այս քաղաքական ուժի լոկոմոտիվը նույնպես մեկ մարդ է: Այսինքն՝ գաղափարախոսությունից դուրս մեկը, որը, ասում են, խարիզմա ունի: Անձամբ ես խարիզման հայոց լեզվի թիկունքում չեմ պատկերացնում, Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ քարոզարշավի ընթացքում հոդաբաշխ որևէ նախադասություն չի ասել:

Մնաց ԲՀԿ-ն: Հայտնի էր, որ այս ուժը կարող է վերցնել ԱԺ մեծամասնությունը, նրա առաջնորդն այդպես էլ ասում էր, ու մենք գիտեինք, որ նրա խոսքը գործ է: Չստացվեց: Եվ ի՞նչ: ԲՀԿ-ում գրեթե բոլորը գիտեին, թե ով է երկրի հիմնական չարիքը՝ ՀՀԿ-ն: Գիտեն, որ 2013թ. այս քաղաքական ուժը կարող է զարգացնել իր հաջողությունը՝ կարևոր չէ, թե ում դեմքով: Բայց ոչ: ԲՀԿ-ն հակված է կոալիցիայի հիմնական չարիքի հետ: Ինչո՞ւ: Որովհետև չարիքի առանցքում է, այսինքն՝ բոլորը կա՛մ մեկ համամասնական ցուցակում են, այսինքն՝ ՀՀԿ-ի, կա՛մ նրա առաջնորդի «ողորմածության» դաշտում: Բոլորը նրա շնչառության արտահայտությունն են, ինքնուրույն թթվածին չունեն: ՀԱԿ-ում գոնե այս մասին ինչ-որ պատկերացումներ կան:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում