Գլխավոր Լրահոս

Ֆիննախը ԿԲ-ին վնաս չէ

Ֆիննախը ԿԲ-ին վնաս չէ

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը գնահատել են կառավարությունում
Ֆինանսների նախարարությունը գտնում է, որ «Կենտրոնական բանկի 2012թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի» մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին։ Այսուհանդերձ, կառավարության քննարկմանն այսօր ներկայացվելիք ծրագրի վերաբերյալ իր եզրակացություններում ֆինանսների նախարարությունն ավելի հոռետես է, քան ԿԲ-ն։

Ֆինանսների նախարարության պատրաստած «Հայաստանի Կենտրոնական բանկի 2012թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության» նախագծում նշվում է, որ 2012թ. 1-ին եռամսյակի տվյալների ամփոփումը վկայում է շինարարության ոլորտում վարընթաց ռիսկերի մասին։ Ճյուղի համախառն թողարկումն 1-ին եռամսյակում իրական արտահայտությամբ նվազել է 5,5%-ով: «Մեր սպասումները շինարարության տարեկան աճի վերաբերյալ ավելի համեստ են՝ 2,5%»,– նշված է փաստաթղթում, որը կառավարության քննարկմանն է ներկայացվելու գործադիրի այսօրվա նիստում։

Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ նաև ԿԲ-ի կողմից ընթացիկ տարում ներդրումների ծավալի գնահատումներին։ Ըստ ԿԲ-ի՝ 2012թ. ներդրումների աճը կկազմի 6,4%, թեև տեմպը կմնա բավական ցածր՝ համեմատ նախաճգնաժամային ժամանակաշրջանում արձանագրված ներդրումների աճի տեմպի։

Թեև ԿԲ-ն ներդրումների աճը կանխատեսելիս համեստ է գտնվել, ֆինանսների նախարարությունն ավելի հոռետես է։ 2012թ. 1-ին եռամսյակի ներդրումների վերաբերյալ ֆիննախի գնահատումները նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված շինարարության և շինմոնտաժային աշխատանքների ոլորտում անկմամբ: «Նկատի ունենալով ընթացիկ զարգացումները՝ մեր սպասումները շինարարության, հետևաբար նաև ներդրումային պահանջարկի վերաբերյալ ավելի ցածր են: Այս տեսանկյունից կարծում ենք՝ մասնավոր ծախսումների բացասական ճեղքվածքը ավելի խորը կլինի, և գնանկումային ճնշումները՝ ավելի ընդգծված»,– նշված է եզրակացության նախագծում։

Ֆինանսների նախարարություն համաձայն չէ նաև ԿԲ-ի գնահատականին, թե 2012թ. 1-ին եռամսյակում անվանական աշխատավարձերը կաճեն 4,7%-ով, իսկ միավոր աշխատուժի ծախսերի աճը գնաճային ճնշումներ կառաջացնի՝ 0,2-տոկոսային կետով նպաստելով գնաճին: Նշենք, որ ԿԲ-ի գնահատմամբ ընթացիկ տարում միավոր աշխատուժի ազդեցությունը գնաճի վրա չեզոք կլինի։

Ըստ ֆիննախի եզրակացության՝ տնտեսության արտադրողականության աճի միտումներն այժմ առաջանցիկ են (արդյունաբերությունում՝ 22%), և այս միտումների պահպանման պայմաններում հաջորդող ամիսներին միավոր աշխատուժի ծախսերի ազդեցությունը չեզոք կլինի, թեև տարեվերջին կվերածվի արդեն զսպողի։

Ճկունության կոչ
Ֆինանսների նախարարությունն իր առարկություններն ունի նաև ԿԲ-ի այն գնահատականի առումով, թե այս տարվանից գործող հարկային օրենսդրության փոփոխությունների (հարկային բեռի ավելացում, հարկային հավաքագրումների ավելացում՝ ստվերի կրճատման հաշվին) և օրենքով նախատեսված սոցիալական ծախսերի ավելացման ազդեցությունները կչեզոքացնեն համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդակի՝ 0,6-տոկոսային կետ գնահատված զսպող ազդեցությունը:

Ըստ ֆիննախի՝ ամբողջական պահանջարկի վրա ծախսերի ազդեցությունը գնահատելու ժամանակ արդեն իսկ ներառված է սոցիալական ծախսերի ազդեցությունը։ «Դրանց առանձին դիտարկումը և համադրումը հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր ազդակի հետ՝ հիմնավորված չէ»,– նշվում է փաստաթղթում։ Ընդ որում՝ նախարարությունում գտնում են, որ այլ խնդիր է, եթե հարկաբյուջետային ազդակից զատ՝ փորձագիտական գնահատական է տրվում ծախսերի կառուցվածքում սոցիալական ծախսերի կշռի մեծացման լրացուցիչ ազդեցությանը։

«Սակայն այս դեպքում ևս խնդիրը վիճարկելի է, քանի որ բյուջեի ընթացիկ ծախսերի կառուցվածքում կան այնպիսի ծախսման ուղղություններ, որոնց լրացուցիչ ազդեցությունը ամբողջական պահանջարկի վրա համադրելի է սոցիալական ծախսերի ազդեցության հետ: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առաջարկի և պահանջարկի միջոցով հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր ազդեցությունը կարելի է բնութագրել որպես զսպող»,– նշված է ֆինանսների նախարարության կողմից պատրաստված փաստաթղթում:

Ըստ ֆիննախի՝ հարկաբյուջետային քաղաքականությունը, պարտադրված լինելով պարտքի կայունության ապահովման խնդրով, խիստ սահմանափակ հնարավորություններ ունի ընդլայնող քաղաքականություն իրականացնելու առումով։ «Հետևաբար՝ դրամավարկային քաղաքականության չեզոք սցենարի ընտրության ներքո Կենտրոնական բանկը պետք է առավել բարձր ճկունություն ցուցաբերի՝ տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման պարագայում պատրաստ լինելով անմիջապես ճշգրտել քաղաքականության ուղղությունները»,– առաջարկվում է ֆինանսների նախարարության պատրաստած եզրակացությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում