Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, 2011թ. մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի էր: Ըստ նրա` անգամ Միջազգային ֆինանսական կառույցներն են մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր գնահատել: Տիգրան Սարգսյանի գնահատականներին Aravot.am կայքում արձագանքել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հայաստանի տնտեսությունն աճել է այնքան, որքան աշխարհի տնտեսությունը միջինում: Մինչդեռ երկու տարի առաջ Հայաստանի տնտեսությունը անկում է ապրել 14%: Այսինքն, կայուն է այն առումով, որ ինչքան հեռու էինք աշխարհի միջինից, այնքան էլ շարունակում ենք այդքան հեռու մնալ, մեր հետամնացությունն է կայուն: Այս առումով կայուն բառը ճիշտ է օգտագործվել: 2011թ. Հայաստանն իր հարևան երկրների համեմատ չի կարողացել ապահովել գոնե փոքր առաջընթաց աճ: 2011թ. Հայաստանի բնակչությունը շարունակել է աղքատանալ: Եթե 2010թ. 31% էին աղքատները, ապա՝ 2011թ.՝ 35,8%-ի են հասել: Ի՞նչ կայունության մասին կարող է խոսք լինել, եթե աղքատների թիվը մեծացել է»,- ասել է Բագրատյանը:
Տիգրան Սարգսյանի վկայակոչած միջազգային կառույցների բարձր գնահատականների վերաբերյալ հայտարարությունը նա «սուտ» է որակել:
«Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն արձանագրում են Հայաստանի հետընթաց անկում, այլ հարց է, եթե նայում ենք Համաշխարհային բանկին կամ Արժույթի միջազգային հիմնադրամին, որովհետև այս կառույցները մի հատ լավ բան են ասում, երեք հատ վատ բան: Նույնիսկ Moody’s-ի նման կասկածելի գնահատականներ տվող կազմակերպությունը կասի՝ այո Հայաստանում կայուն մեռյալ վիճակ է»,- նշել է նախկին վարչապետը:
Կառավարության հասցեին հնչած քննադատությունները, որ կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր համարել էր անհիմն քննադատություն՝ պնդելով, որ քննադատողները չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը: Բագրատյանն այդ կապակցությամբ ասել է. «Վարչապետն ինքը չի հասկանում դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության տարբերությունը: Դրամավարկային քաղաքականությունը միշտ միտված է առաջարկի կարգավորմանը, հարկաբյուջետային քաղաքականությունը միտված է պահանջարկի կարգավորմանը: Նրանք թե՛ դրամավարկային, թե՛ հարկաբյուջետային քաղաքականությամբ փորձում են առաջարկը կարգավորել: Վարչապետը չի ուսումնասիրել ժամանակակից տնտեսագիտությունը»:
Տիգրան Սարգսյանի այն դիտարկմանը, որԿենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը, Բագրատյանը պատասխանել է. «Վարչապետը չի հասկանում, որ նման հարցադրումներ այժմ չեն անում, հիմա ոչ ոք գնաճի զսպումը հիմնական թիրախ չի համարում, դա մի տասը տարի առաջ էր: Դժբախտաբար, մեզ մոտ դրա հետ կապված, նույնիսկ Սահմանադրությունն է անհիմն փոխված։ Ասածիս վկայությունն է այն, որ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 12%-ը։ ԱՄՆ հիմնական թիրախը գնաճը չէ, այլ դոլարի սահուն արժեզրկումը, պետական արժեթղթերի էքսպորտ-վաճառքը և արտահանման խրախուսումը։ Վատ չէր լինի, որ վարչապետն ու իր թիմը (անկախ տարիքից) հասկանային, որ տնտեսագիտությունը անընդհատ փոխվում է, և հետևեին համաշխարհային տնտեսագիտական մտքի էվոլյուցիային»:
Civilnet











