Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում հունվարի ստուգման արդյունքները։ ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանը ՍիվիլՆեթ-ին հաստատեց, որ ստուգման արդյունքներով ընկերությունը պետք է պետբյուջե վճարի լրացուցիչ Դ1,96 մլրդ, որից Դ840 մլն-ը չկատարված հարկային պարտավորությունների «մայր» գումարն է, մնացածը՝ տույժերն ու տուգանքները։
ՍիվիլՆեթի հարցին, թե պատրաստվում է արդյոք ընկերությունը վճարել հաշվարկված պարտավորությունների գումարը, Սարջանյանը նշեց, որ սահմանված կարգի համաձայն 10 օրվա ընթացքում ընկերությունը որոշում կկայացնի իր հետագա քայլերի վերաբերյալ։
Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ը պետբյուջե է վճարել մոտ Դ1,8 մլրդ-ի հարկեր, 2011թ.՝ ընդհանուր առմամբ Դ9,7 մլրդ-ի։
Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին 19-ին Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննչական վարչություն աշխատակիցներն «այցելել» էին ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակ և սկսել փաստաթղթերի լայնածավալ ստուգումներ։ Անսպասելի այցը հիմնավորվում էր նրանով, որ ՊԵԿ-ի հաշվարկներով 2011թ. ընկերությունը մոտ Դ2 մլրդ-ի քիչ հարկ է վճարել։ ՊԵԿ-ի ստուգումները ընկերությունում վերսկսվեցին այս տարվա հունվարի 23-ից։
Civilnet











