Գլխավոր Լրահոս

Կոալիցիոն առաջարկի որոնումներում

Կոալիցիոն առաջարկի որոնումներում

ՀՀԿ գործադիր մարմնի երեկ երեկոյան կայացած նիստից հետո սպասվում էր, որ մի շարք հարցերի պատասխաններ կհնչեն: Մասնավորապես՝ ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու է, թե ոչ; ինչ սկզբունքներով են կառուցվելու փոխհարաբերությունները նախկին կոալիցիոն գործընկերների հետ; ով է լինելու վարչապետը և ով՝ ԱԺ նախագահը:

Այս հարցերի և ոչ մեկի պատասխանը չհնչեց: Սակայն նիստի հետ կապված մի քանի ուշագրավ փաստեր կարելի է արձանագրել: Նախ՝ նիստին ներկա չէր ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, որը կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ համարն է: Տարօրինակ է, որ ընտրություններից հետո կուսակցության գործադիր մարմնի առաջին և շատ կարևոր նիստին ներկա չէր ՀՀԿ նախընտրական շտաբի պետը: Աբրահամյանի բացակայությունը պատճառաբանեցին առողջական խնդրով, ինչը այնքան էլ համոզիչ չէ: Առավել հավանական է, որ նրա բացակայությունը պայմանավորված է ապագա կառավարությունում պաշտոնների բաշխման հետ: Նա վարչապետ դառնալու հավակնությունները երբեք չի թաքցրել, և այս համատեքստում փաստորեն հակադրվում է Տիգրան Սարգսյանին, որը, ըստ շրջանառվող լուրերի, կպահպանի վարչապետի պաշտոնը:

Ուշագրավ էր նաև, որ նախքան նիստը, ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարում էին, որ կուսակցության գործկոմի հանդիպմանը ապագա կառավարությունում պաշտոնների բաշխման հետ կապված կլինեն քաղաքական որոշումներ: Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե այդ հարցերի պատասխանները երեկոյան կհնչեն: Գրեթե նույնն էր ասել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այսինքն՝ ՀՀԿ-ի վերնախավում հստակ տրամադրվածություն կար, որ երեկվա նիստին կարևոր քաղաքական որոշումներ են կայացվելու: Սակայն նիստից հետո որոևէ որոշման մասին չհայտարարվեց:

Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագորղների հետ հանդիպմանը ակնհայտորեն խուսափել է պատասխանել այն հարցին, թե կոալիցիա կազմելը ՀՀԿ-ի՞ նախաձեռնությունն է, թե՞ մյուս քաղաքական ուժերի: Հարցին՝ «առաջարկ դուք արել եք՝ նրանք մտածում են մտնել, թե չմտնե՞լ, թե՞ Հանրապետականն է մտածում՝ առաջարկ անի, թե չանի» Շարմազանովը պատասխանել է. «Եղել են հանդիպումներ, կոալիցիայի մասին կխոսենք հաջորդ դասին»: 

Կասկած անգամ չի կարող լինել, որ ՀՀԿ-ն շահագրգռված է կոալիցիա կազմել, և իրեն ծանրացնելու համար ԲՀԿ-ից հրապարակային առաջարկի է սպասում: Եթե ԲՀԿ-ից ունենային կոալիցիա կազմելու առաջարկ՝ Շարմազանովը բոլոր հնարավոր լրատվամիջոցներով այն դարձնելու էր հանրության սեփականությունը: Հնարավոր է՝ երեկ ամբողջ օրը հանրապետականները սպասել են ԲՀԿ-ի առաջարկին, այլապես Գալուստ Սահակյանը խորհորդ չէր տա սպասել մինչև օրվա ավարտ:

Փաստորեն ՀՀԿ-ն ԲՀԿ-ից առաջարկ չի ստացել, ինչը պարալիզացրել է ՀՀԿ-ի ներսում պաշտոնների բաշխման գործընթացը: Այժմ կարելի է ենթադրել, որ ստվերային աշխատանքներ են տարվում, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին կոալիցիա կազմելու առաջարկ անի: Հակառակ դեպքում, եթե ՀՀԿ-ն կոալիցիոն կառավարություն կազմելու առաջարկությամբ հանդես գա, նրա այդ քայլը առնվազն չի ընկալվի: Խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժը պարզապես չի կարող կոալիցիա կազմելու առաջարկ անել մյուս կուսակցություններին. դրա համար լուրջ պատճառներ են պետք, որոնք չկան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում