ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ եթե կոալիցիոն կառավարություն ձևավորվի, «դա քաղաքական լուրջ քայլ կլինի և ոչ ինքնանպատակ»: «Մեր գաղափարախոսությունն է, որ քաղաքական ուժերը միասին լուծեն երկրի առջև ծառացած խնդիրները: Մե՛նք չենք որոշում՝ կոալիցիա լինելու է, թե չէ, որոշում են քաղաքական ուժերը»,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց նա:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ կոալիցիա կազմելը նաև ծրագիր է ենթադրում: Հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլընտրանք ունի՞ կոալիցիա կազմելու, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ճիշտ բանաձևը սա է՝ քաղաքական ուժը լինում է կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանություն: Միջին որևէ բան չի կարող լինել: Չեմ ուզում անձնային տեսնել դա: Պետք է մտածել երկրի, պետության հետագա ճակատագրի մասին: Իսկ Գագիկ Ծառուկյանին ի՞նչ է պատահել, որ հանկարծ մտածի՝ կոալիցիա մտնի, թե չմտնի: Եթե կոալիցիա ձևավորվի, դա քաղական լուրջ քայլ կլինի և ոչ ինքնանպատակ»:
Հարցին՝ արդյոք ՕԵԿ-ը կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Դա կանխատեսելի է»:
«Ինչպիսի՞ն է լինելու խորհրդարանը» հարցադրմանը Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Քաղաքական իրավիճակը ալեկոծ է, և բոլորի դիրքորոշումները դեռևս ճշտված չեն՝ ներկուսակցական խնդիրներ կան, նոր մարդիկ են մտնելու խորհրդարան: Բնական է՝ քննարկումներն ավելի ծավալուն պետք է լինեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով է լինելու վարչապետը: «Հանրապետականնի համար ամեն ինչ պարզ է, Հանրապետականը լավատեղյակ է: Բայց քանի որ քաղաքական դաշտը ալեկոծումներ ունի, ես չեմ թույլ տա անուններ նշել»,- ասաց նա:
Civilnet











