Ըստ ՀԾԿՀ-ի որոշման նախագծի, որը քննարկվելու է մայիսի 23-ին, սպառողներին խմելու ջրի մանրածախ մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայության սակագները նախատեսվում է թողնել անփոփոխ։ Այս ծառայությունների համար մայրաքաղաքում կշարունակեն վճարել 174,06 դրամ՝ 1խմ-ի դիմաց։
Նշենք, որ փետրվարի 27-ին «Երևան ջուրը» դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ճշգրտելու 2012-2013 թթ. ջրամատակարարման և ջրահեռացման առաջարկվող սակագները։ Ընկերությունն առաջարկել էր 1խմ-ի ներկայիս Դ174,06 սակագինը բարձրացնել մինչև Դ176,08-ը (աճը՝ Դ2 կամ 1,1%)։ Սակագնի ճշգրտման անհրաժեշտությունը ընկերությունը պայմանավորել էր գնաճով, էլեկտրաէներգիայի գնով և դոլար/եվրո փոխարժեքով։
Հիշեցնենք, որ ըստ 2005թ. ՀՀ կառավարության և «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև կնքված համաձայնագրի՝ վերջինս պարտավորվել էր 2009-ից սկսած ջրի գինն աստիճանաբար իջեցնել և 10-րդ տարում հասցնել Դ93/1խմ-ի։ Նշենք, որ այս պարտավորության մասին «Երևան ջուր» ընկերությունը հիշել է միայն 2011թ. հուլիսի 8-ին, ինչից հետո մայրաքաղաքի բնակիչները 1խմ ջրի դիմաց սկսեցին մոտ Դ7-ով քիչ վճարել (Դ174,06)։
Civilnet











