Գլխավոր Լրահոս

Չեմ տեսնում ձեր հրաժարականները

Ոչ ոք չի քննարկում հարցը, թե ինչու հրաժարական չեն ներկայացնում ԱԺ-ում 5 տոկոսը մի կերպ հաղթահարած քաղաքական ուժերի ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արթուր Բաղդասարյանը և ՀՅԴ Բյուրոն կամ ԳՄ-ն (ո՞վ է հասկանում, թե ՀՅԴ-ում ովքեր են իրավիճակի պատասխանատուն): Ինչո՞ւ պիտի թվարկվածները հրաժարական ներկայացնեն: Նախ՝ դա քաղաքական մշակույթի հարց է՝ ձախողել ես քո հինգամյա քաղաքական գործունեությունը, հետևաբար պետք է հեռանաս ասպարեզից: Քաղաքակիրթ աշխարհում այդպես է ընդունված: Այս գործիչները չեն կարող հպարտանալ այն փաստով, թե իրենք անցել են ԱԺ և հրաժարական տալու պատճառ չունեն: Հպարտանալու ոչ մի բան չկա:

Տեր-Պետրոսյանը 2008թ. երկրի առաջին քաղաքական դեմքն էր, նրա շուրջ էր պտտվում քաղաքական կյանքը, հաղթել էր նախագահի ընտրություններում կամ առնվազն անցել էր երկրորդ փուլ, պաշտոնական տվյալներով՝ հավաքել էր 21,5 տոկոս ձայն: Այսինքն՝ նրա մեկնարկային թիվը 21,5 տոկոսն էր: Այս ԱԺ-ում նա կա՛մ պետք է լռվեր այդ տոկոսի վրա, կա՛մ բարելավեր այն: Չկարողացավ: Հետևաբար պետք է պատասխան տա այդ անզորության համար:

Անցնենք ՕԵԿ-ին: Այս կուսակցության ղեկավարն ասպարեզից հեռացավ 2008թ. փետրվարի 29-ին, երբ համաձայնեց ԱԱԽ-ն ղեկավարելու Սերժ Սարգսյանի առաջարկին: Նախագահի ընտրություններում Արթուր Բաղդասարյանն ստացավ ընտրողների 16,7 տոկոսի քվեն: 2007թ. ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ն իր հաշվին արձանագրել էր 7,1 տոկոս քվե՝ 95324 մարդու ձայն: Այսինքն՝ նախագահի ընտրություններում Բաղդասարյանը բարելավել էր վիճակը՝ պոպուլիզմով կամ վստահելի խոստումներով: Աստծուն է հայտնի, թե ինչ հրաշքով: Բայց այն, թե ինչպես ՕԵԿ-ը մտավ այս խորհրդարան, ըստ երևույթին Աստծուն էլ հայտնի չէ: Բայց անկախ դրանից՝ Արթուր Բաղդասարյանը պետք է հրաժարական տա ՕԵԿ-ի նախագահի պաշտոնից, որովհետև նրա կուսակցության վերջին ցուցանիշն այս ԱԺ-ում զգալիորեն զիջում է նախագահի թեկնածուի հավաքած նրա ձայներին և 2007թ. ԱԺ ընտրություններում կուսակցության հավաքած քվեներին:

«Ժառանգության» ղեկավարը պետք է հրաժարական ներկայացնի մի քանի պատճառով, բայց առայժմ հրաժարականի համար նրան կբավարարի ԱԺ ընտրություններում նրա ցույց տված ցուցանիշը. չէ՞ որ նա սեղմել է ազգաբնակչության մի մեծ հատվածի ձեռքը, նայել է մարդկանց աչքերի մեջ: Ի վերջո, ԱԺ նախորդ ընտրություններում «Ժառանգություն»-ը մեն-մենակ հավաքել էր 6 տոկոս քվե, իսկ մայիսի 6-ին «Ազատ դեմոկրատներ»-ի հետ հազիվ անցավ 5 տոկոսը:

ՀՅԴ-ն թերևս ամենամեծ կորուստներն է կրել 2007թ. ԱԺ ընտրությունների համեմատ՝ կորցրել է մոտ 10 տոկոս քվե: Նշանակում է՝ կա՛մ Բյուրոն, կա՛մ ԳՄ-ն պետք է պատասխան տա դրա համար:

Ինչո՞ւ եմ մատնանշում այս ցուցանիշները: Որովհետև այսօրվա տվյալները հիշյալ քաղաքական ուժերն ընդունել են «հալած յուղի» պես՝ մեկ-երկու երկչոտ հայտարարությամբ փորձելով ակնարկել, թե իրենք ավելի շատ քվե են հավաքել: Խնդիրն այն է, որ կա բացառապես երկու տարբերակ՝ կա՛մ ի գիտություն ես ընդունում 2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքները և հրաժարական ես ներկայացնում այն ձախողելու համար, կա՛մ չես ընդունում և դուրս ես գալիս պայքարի՝ դրանով մեկ անգամ ևս վկայակոչելով, որ առաջնորդ ես և չես ընդունում այս իշխանության՝ քեզ պարտադրած խաղի կանոնները: Ուրիշ տարբերակ չկա: Քաղաքակիրթ աշխարհում աշխատում է միայն հրաժարականի տարբերակը, քանի որ այնտեղ ոչ ոք չի վիճարկում արդյունքները: Մեզ մոտ վիճարկում են՝ չդադարելով այդ արդյունքներն ընդունել ի գիտություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում