Գլխավոր Լրահոս

Կապիտուլյացիայի առաջարկ

Կապիտուլյացիայի առաջարկ

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ նախագահը լինելու են ՀՀԿ-ից, և գործող վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել: Փաստացի ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական մեծ առևտրից առաջ Շարմազանովը հստակեցնում է ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը: Դրանից կարելի է դատել, որ թեև ՀՀԿ-ն դեմ չէ նոր կոալիցիոն կառավարություն կազմելուն, սակայն որևէ մտադրություն չունի իշխանությունը կիսելու կամ որևէ մեկին այդ իշխանությունից մեծ մասնաբաժին հատկացնելու: ՀՀԿ-ն իրեն է պահում երկրի երկու կարևորագույն պաշտոններ, բնականաբար ուժային և ֆինանսատնտեսական մարմինները ևս պետք է գտնվեն նրա անմիջական վերահսկողության ներքո՝ անվտանգ զգալու և անխափան ֆինանսական հոսքեր ապահովելու համար:

Նոր կոալիցիայում կմնան միայն երկրորդական նշանակության նախարարություններն ու գերատեսչությունները: Շարմազանովն ըստ էության հայտարարում է, որ իրենք պատրաստ են կիսել ընդամենը իշխանության երկրորդական տիրույթը: Պարզ ասած՝ ՀՀԿ-ն պաշտոնապես մեսիջ է հղում կոալիցիա կազմելու ցանկություն ունեցող կուսակցություններին, առաջին հերթին՝ ԲՀԿ-ին, որ նրանց պատրաստ են հատկացնել իշխանական կերակրատաշտի մնացորդները:

Այսինքն՝ հնարավոր կոալիցիայի մեջ ընդգրկվող կուսակցություններին՝ բացի ՀՀԿ-ից, վերապահվելու է երկրորդական նշանակություն, և նրանք փաստացի վերածվելու են ՀՀԿ-ին կցված, ոչինչ չորոշող, անդեմ կուսակցությունների: Եթե ՕԵԿ-ի պարագայում վաղուց արդեն այդպես է, ապա ընտրությունների պաշտոնական արդյունքներով 30-տոկոսանոց վստահության պաշարով ԲՀԿ-ի պարագայում իրավիճակը բոլորվին այլ է: Ներկա պահին ՀՀԿ-ն նրան պաշտոնապես քաղաքական կապիտուլյացիայի առաջարկ է անում: Արմատական փոփոխությունների խոստումներով լուրջ հասարակական վստահության քվե ստանալուց հետո ՀՀԿ-ի կցորդ դառնալը և նրա մնացորդներով սնվելը պարզապես մահացու հարված կլինի ԲՀԿ-ին՝ որպես քաղաքական միավորի:

Շարմազանովի հայտարարությունները կարելի է դիտարկել նաև որպես ճնշում Ծառուկյանի վրա: Հավանաբար չկարողանալով ոչ թափանցիկ բանակցությունների ընթացքում էական զիջումներ կորզել նրանից՝ նժդեհականները շանտաժի հռետորաբանություն են կիրառում՝ փորձելով ԲՀԿ առաջնորդին դնել երկընտրանքի առաջ՝ «կամ մեզր հետ ես, կամ մեր դեմ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում