Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ն մնաց ՕԵԿ-ի կամ սեփական հույսին

ՀՀԿ-ն մնաց ՕԵԿ-ի կամ սեփական հույսին

Կոալիցիա կազմելու խնդիրը հանգուցալուծվեց: Գագիկ Ծառուկյանը որոշեց կապիտուլյացիայի չգնալ և շարունակել քաղաքական դաշտում մնալ որպես կշիռ ունեցող քաղաքական միավոր: Պաշտոնապես հայտարարելով, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում կոալիցիա կազմելը՝ Ծառուկյանը փաստորեն ՀՀԿ-ին թողեց ՕԵԿ-ի հույսին: Ասել է թե՝ ՀՀԿ-ին թողեց սեփական հույսին: Հանրապետականները ստիպված են միայնակ պատասխանատվություն կրել կառավարության գործունեության համար: Դատելով այն հանգամանքից, թե ներկայիս կառավարության օրոք ինչ վիճակի է հասել Հայաստանի տնտեսությունը, այդ պատասխանատվության տակից նժդեհականներին շատ դժվար կլինի դուրս գալ: Իսկ առջևում նախագահական ընտրություններ են, ինչն ավելի է բարդացնում Սերժ Սարգսյանի՝ 2013թ. նախագահի աթոռը պահելու հնարավորությունները:

ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը նրա համար միակ ճանապարհն էր նախագահ դառնալու օպերացիան հնարավորինս անվտանգ գլուխ բերելու և քիչ թե շատ նոր կառավարությունը լեգիտիմացնելու համար: Հասարակական ընկալման մեջ գրեթե չկա մեկը, ով հավատա, որ ՀՀԿ-ն իրականում ստացել է 44 տոկոս վստահություն: Իսկ ահա ԲՀԿ-ի 30 տոկոս վստահությունը կասկածի տակ չի առնվում: Առաջին քայլով ՀՀԿ-ն պարտվեց, քանի որ այսուհետ կոալիցիայի մաս չկազմող ԲՀԿ-ի համար այլևս անտրամաբանական, իսկ ՀՀԿ-ի համար՝ նվաստացուցիչ կլինի առաջարկել գալիք նախագահական ընտրություններին պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Դատելով Գալուստ Սահակյանի այսօրվա հայտարարությունից, որը չի բացառել ԲՀԿ-ի հետ համագործակցության այլ ճանապարհները, այնուամենայնիվ հանրապետականները փորձում են բացահայտ առճակատման չգնալ՝ հույս ունենալով, որ նախագահական ընտրություններից առաջ կարելի կլինի ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը:

Միևնույն ժամանակ, գործող իշխանությունը՝ իրեն հավատարիմ վերահսկելի կուսակցությունների, գործիչների և լրատվամիջոցների միջոցով փորձելու է հրապարակային դաշտում հարվածներ հասցնել ԲՀԿ-ին: Այսօրվանից Սերժ Սարգսյանի նոր և հին հաճախորդների արշավը ԲՀԿ-ի դեմ կարելի է բացված համարել: Կոալիցիայից հրաժարվելու քայլից հետո ԲՀԿ-ի աճող հեղինակությունը ճակատագրական կարող է լինել հանրապետականների համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում