Գլխավոր Լրահոս

Աուդիտորներ «Նաիրիտ»-ում

Աուդիտորներ «Նաիրիտ»-ում

Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ գործարան»-ում արդեն երկու օր է, ինչ ռուսական նավթագազային «Իտեռա» ընկերության պատվերով բրիտանական խորհրդատվական մի ընկերություն աուդիտ է անցկացնում։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սակայն, ասում է, որ դա ոչ թե աուդիտ է, այլ պարզապես «Նաիրիտ»-ի զարգացման ծրագրի գնահատում և եզրակացության պատրաստում։

«Օրակարգ»-ի տեղեկություններով՝ բրիտանացի աուդիտորներն սկսել են մանրամասն ուսումնասիրել ընկերության ֆինանսական փաստաթղթերը, ինչպես նաև գնահատել սարքավորումները և տեխնոլոգիական գործընթացները։

Երեկ կառավարության նիստից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Օրակարգ»-ի հարցին, թե հնարավոր է, որ ռուսական «Իտեռա»-ն ստանձնի «Նաիրիտ»-ի կառավարումը և զարգացման ծրագրի իրականացումը, պատասխանեց. «Թե որ ընկերությունները ներգրավված կլինեն «Նաիրիտ»-ի կառավարման գործընթացում, հայտնի կլինի եզրակացությունից հետո։ Հիմա մասնագետներն աշխատում են, և եզրակացության արդյունքները պարզ կլինեն 1,5-2 ամսից»։

Նշենք, որ «Նաիրիտ»-ի շուրջ գործընթացներին «Օրակարգ»-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ թեև «Իտեռա»-ն ավելի շատ մասնագիտացած է նավթագազային ոլորտում և հիմնականում իրականացնում է գազի արդյունահանում և իրացում, սակայն հետաքրքրված է ստանձնելու «Նաիրիտ»-ի վերականգնման և զարգացման ծրագրի իրականացումը, և վերջնական որոշումը կախված կլինի աուդիտորական եզրակացությունից հետո՝ ֆինանսական վիճակի և սարքավորումների ֆիզիկական և բարոյական մաշվածության աստիճանը հասկանալուց հետո։

«Իտեռա»-ն «Նաիրիտ»-ի կառավարումն ստանձնելու դեպքում պատրաստվում է քիմիական հսկային վերածել բազմապրոֆիլ գործարանի, այսինքն՝ բացի բութադիենային տեխնոլոգիայով քլորոպրենային կաուչուկի արտադրությունից՝ կազմակերպել հարակից արտադրություններ։ Ըստ աղբյուրի՝ եթե «Իտեռա»-ն որոշի ստանձնել «Նաիրիտ»-ի կառավարումը, ապա առաջին հերթին պատրաստ է սեփական միջոցներով, մարելով վարկը, վերադարձնել ԱՊՀ Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ»-ի 90% բաժնետոմսերը։
Նշենք, որ եթե «Իտեռա»-ն ստանձնի «Նաիրիտ»-ի կառավարումը, կվերանա նաև Հայաստանի կառավարության՝ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից $400 մլն վարկ ներգրավելու անհրաժեշտությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ վարկային միջոցների հատկացման հարցը քննարկվում է արդեն 1,5 տարի, սակայն վերջնական որոշման ընդունումն անընդհատ հետաձգվում է։ Այդ վարկային միջոցներն ամբողջովին պետք է ուղղվեին «2011-2019 թթ. «Նաիրիտ»-ի զարգացման և վերակառուցման» ծրագրի իրականացմանը: Ըստ էության՝ մինչ այժմ այդ միջոցներից է կախված «Նաիրիտ»-ի արդիականացումը։ Քիմիական հսկայի արդիականացման ծրագիրն ընդհանուր առմամբ պահանջում է $512,26  մլն-ի ներդրումներ։ Բայց զարգացման ծրագրի ներդրումային գումարից ընդամենը $367  մլն-ն է ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը: $146  մլն-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկի $100  մլն-ը՝ պարտավորությունների վերաֆինանսավորմանը, $46  մլն-ը՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը։

Քիմիական հսկայի արդիականացման հարցում հետաքրքրված է ԱՊՀ միջպետական բանկը, քանի որ այսօր նա է հանդիսանում «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը։ Հիշեցնենք, որ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited-ը մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը չի կատարել իր վարկային պարտավորությունները Միջպետական բանկի առջև (2006թ. օգոստոսին բանկը ընկերությանը $70 մլն-ի վարկային գիծ էր բացել 5,3 տարով, տարեկան 12,5% տոկոսադրույքով), ինչի արդյունքում գրավադրված «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90%-ն անցել է բանկի սեփականությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում