Գագիկ Ծառուկյանի երեկ տարածած հայտարարությունը մի քանի կարևոր մեսիջ է պարունակում, որոնք արժանի են ուշադրության: Նախընտրական շրջանում, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից որևէ մեկը խիստ ծրագրային քննադատության էր ենթարկում ՀՀԿ-ին, դրանից անմիջապես հետո լրատվական դաշտը ողողվում էր հարցադրումներով, թե արդյոք ՀՀԿ-ին ոչ հաճո կարծիքները ԲՀԿ-ի պաշտոնակա՞ն դիրքորոշումն են, թե՞ տվյալ մարդու անձնական կարծիքը: Ամեն անգամ տարբեր տրամաչափի հանրապետականներ փորձում էին ապացուցել, որ քննադատական կարծիքները կապ չունեն ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման հետ:
Ծառուկյանի երեկվա հայտարարության մեջ ասված է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից»:
Այս համատեքստում ուշագրավ է «մենք»-ի գործածումը: Մեկնաբանությունները թերևս ավելորդ են:
Մյուս մեսիջն այն է, որ Ծառուկյանը խոսում է ոչ թե ընտրություններում ստացած տոկոսների, այլ ստացած կես միլիոն ձայների մասին: Այսինքն՝ նա նույնպես համաձայնում է, որ ընտրացուցակներն ուռճացված են, և իրականության մեջ ԲՀԿ-ն ավելի մեծ տոկոս է հավաքել:
Հաջորդ թաքնված մեսիջը վերաբերում է նախագահական ընտրություններին: Ծառուկյանը շրջանցում է այդ թեման, ինչը Սերժ Սարգսյանի համար ամենակարևոր հարցն է: Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին կոալիցիայի մեջ ուզում էր տեսնել հիմնականում նրա համար, որ վերջինս նախագահական ընտրություններին պաշտպանի իր թեկնածությունը: Հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը խոսում է կառուցողական դիրքորոշման մասին, սակայն որևէ ակնարկ չկա նախագահական ընտրությունների մասին, ինչը և տրամաբանական է: Փաստացի այս անգամ ևս Ծառուկյանը այդ հարցը թողնում է «հաջորդ դասին»:
Հաջորդ դասը թերևս սկսվել է:
Civilnet











