ՀՀԿ-ն այլևս քաղաքական փոքրամասնություն է
Հայաստանում գտնվեց քաղաքական մի ուժ, որը մեզ ազատեց քաղաքական կառավարման իմիտացիայից: Իմիտացիայի պակաս Հայաստանը երբևէ չի ունեցել և ոչ մի ոլորտում: Մենք ունեցել ենք ընտրությունների իմիտացիա: Ունեցել ենք ազատության իմիտացիա: Ունեցել ենք ընդդիմության իմիտացիա, պատմության իմիտացիա, ճակատագրի և ողբերգության իմիտացիա, ժամանակի, գրականության, արվեստի, շոու բիզնեսի, հեռուստատեսության, ազատ խոսքի, կենցաղի, ներգաղթի, գների էժանացման, բանակցությունների, ԼՂ խնդրի հանդեպ քաղաքական իշխանության մտահոգության, հանուն հայրենիքի զոհվելու, կոալիցիայի իմիտացիա:
ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն համաձայնությունը գրեթե կայացած փաստ էր: Մազ էր մնացել, որ մարդիկ հանգիստ թողնեին այդ թեման: Եվ հանկարծ պայթեց: Սոցիալական ցանցերն ազդարարեցին անհարինը՝ ԲՀԿ-ն կոալիցիայի չի գնում: Ի՞նչ գլխի ընկավ ԲՀԿ-ն: Ես չեմ ուզում ենթադրել, թե ինչեր են խոսվել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններում: Հավանաբար Ծառուկյանին շրջապատած մարդիկ նրան ասել են՝ եթե մտնես կոալիցիա, բոլորը, միևնույն է, վստահաբար մտածելու են, որ դուդուկ նվագողը լինելու է ՀՀԿ-ն՝ նախ՝ ՀՀԿ-ն այսպես թե այնպես խորհրդարանական մեծամասնություն է՝ ԲՀԿ-ի որևէ դիրքորոշումից անկախ, երկրորդ՝ քո անկախությունը ՀՀԿ-ից կամ նրա հանդեպ քո ընդդիմադիրությունը դեռ մինչև վերջ չի ռեալիզացվել: Քաղաքականապես ճշգրիտ չէ 28 օրով ընդդիմադիր լինելը:
ԲՀԿ-ի այս քայլը վերաբերմունք էր միաժամանակ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հանդեպ։ Իր քայլով Գագիկ Ծառուկյանը պարզերես արեց նաև նրանց: Աներևակայելի է, որ շռնդալից քաղաքական ասպարեզ է մտնում Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ՀՀԿ-ացունց քայլն անում է ընդդիմադիրությունը մինչև վերջ չիրացրած ԲՀԿ-ն, որի առաջնորդն առանձնապես ընդդիմադիր որևէ հայտարարություն չի էլ արել: Չքննարկենք նաև, թե ինչպես է իրեն պահելու ԲՀԿ-ն նախագահի ընտրությունների ժամանակ: Իր քայլով նա արդեն որոշակիորեն ուրվագծեց ապագա պայքարի ինտրիգը:
Ավելի լավ է խոսենք նրանից, որ ՀՀԿ-ն այսօր քաղաքական փոքրամասնություն է ՀՀ քվեարկելու իրավունք ունեցող և պաշտոնապես արդեն քվեարկած ազգաբնակչության հանդեպ: Նրան ձայն է տվել 44 տոկոսը: Նշանակում է՝ 56 տոկոսի վրա նա իշխանություն չունի:
Իր քայլով ԲՀԿ-ն անհարմար վիճակում դրեց նաև ՕԵԿ-ին, որը խոստովանում է, որ որպես կուսակցություն գոյություն չունի, բայց իբրև քաղաքական ուժ մասնակցում է կոալիցիային: Հետևաբար երկրում մեկ կուսակցության իշխանություն է: Այսինքն՝ հիմա էլ կոալիցիոն իմիտացիա գոյություն ունի, որովհետև որպես քաղաքական կուսակցություն ՕԵԿ չկա: Ի՞նչ է սպառնում ԲՀԿ-ին: Այն չի կարող կոալիցիայի մեջ մտնել խորհրդարանական մյուս ուժերի հետ, բայց համագործակցել կարող է: Այսինքն՝ խորհրդարանում գոյություն կունենա չորս ինքնուրույն որոշումներ կայացնող քաղաքական ուժ և երկու կոնյունկտուրիստի համբավ վայելող քաղաքական ուժ:
Սակայն ԲՀԿ-ի քայլի մեծությունը բոլորովին այլ տեղ է: Կոալիցիային չհամաձայնելով՝ նա շարունակելու է իր վրա վերցնել ընդդիմադիր քաղաքական մյուս ուժերի էլեկտորատը: Մինչև նախագահի ընտրություններ շատ ժամանակ կա և այդ ժամանակն անշեղորեն աշխատելու է ԲՀԿ-ի օգտին: Ինչպես ասում են, մինչև նախագահի ընտրություններ ԲՀԿ-ից այլ՝ քարոզչական իմաստով հզոր քայլ չի էլ պահանջվելու: Նա ուղղակի խժռելու է բոլոր ընդդիմադիր տրամադրված մարդկանց, որոնք այս տարիներին իրենց հույսը կապել են ընդդիմության մեջ գտնվող ուժերի հետ: Հիմա տքնելու հերթը Սերժ Սարգսյանինն է: Արդեն փաստ է, որ նա ՀՀԿ-ականներից ոչ մեկին չի վստահում, մարդը երկրորդ համապետական ընտրություններն իր ուսերին տարավ միայնակ: Հետևաբար՝ ենթադրվում է, որ այդ ընտրությունները լինելու են ամենաոխերիմը Հայաստանի պատմության մեջ: Այդ ընտրություններում ՀՀԿ-ն միայն ընտրակաշառքով ու ընտրակեղծիքներով չի պրծնելու:
Հիմա Գագիկ Ծառուկյանից պահանջվելու է աշխատել իր թիմի այն հատվածի հետ, որը միայն իշխանության մեջ լինելուն էր սովոր: Այլ խոսքով՝ ունենք ՀԱԿ-ի հետընտրական վիճակին մոտ վիճակ: ՀԱԿ-ից հեռացան նրանք, ովքեր խորհրդարանի «միս» էին ուզում, ԲՀԿ-ից կարող են հեռանալ նրանք, ովքեր խոցելի են իշխանության (բայց ոչ ՀՀԿ-ի) հանդեպ իրենց սիրո մեջ:
Թեմա
Մհեր Արշակյան










