Ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը» սկզբունքորեն հետաքրքրված է ստանձնելու «Նաիրիտ գործարանի» կառավարումը, սակայն որոշումն առաջին հերթին կախված կլինի աուդիտի արդյունքներից, տնտեսական նպատակահարմարությունից և մակրոտնտեսական իրավիճակից։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց «Իտեռա» ընկերության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գորյունովը՝ նշելով, որ գործարանում անցկացվող աուդիտի սկզբնական արդյունքները պարզ կլինեն այս տարվա 3-րդ եռամսյակում։
Նրա խոսքով՝ «Նաիրիտ գործարանի» արդիականացման հարցում «Իտեռան» սերտ համագործակցում է Հայաստանի էներգետիկայի է բնական պաշարների նախարարության հետ։ Ըստ Գորյունովի՝ 2011թ. հոկտեմբերին «Նաիրիտ» է ուղարկվել աշխատանքային խումբ, որը ծանոթացել է քիմիական գործարանի իրավիճակին և զարգացման ծրագրերին: «Մեր մասնագետների եզրակացությունն այն է, որ «Նաիրիտ գործարանի» վիճակի համակողմանի վերլուծության, ձեռնարկության վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման համար անհրաժեշտ է համալիր աուդիտ իրականացնել»,- ասաց Գորյունովը:
Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ընդունված գործընթացների համաձայն՝ անցկացվել էր աուդիտ իրականացնող ընկերության մրցույթ, որում հաղթող էր ճանաչվել միջազգային խոշոր ճարտարագիտական ընկերություն։ «Աուդիտի վերջնական նպատակն է ձեռնարկության վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթղթի պատրաստումը, վերակառուցման նախագծի տնտեսական նպատակահարմարության որոշումը։ Աուդիտի նախնական արդյունքները պատրաստ կլինեն 3-րդ եռամսյակի վերջին, և կներկայացվեն «Իտեռային» և Հայաստանի էներգետիկայի նախարարությանը։ «Իտեռան» սկզբունքորեն հետաքրքրված է ստանձնել «Նաիրիտ գործարանի» կառավարումը, սակայն որոշումն առաջին հերթին կախված կլինի աուդիտի արդյունքներից, տնտեսական նպատակահարմարությունից և մակրոտնտեսական իրավիճակից»,-ասաց Գորյունովը։
Նշենք, որ անցած շաբաթ տեղեկություն տարածվեց, որ «Նաիրիտում» լայնամասշտաբ աուդիտորական աշխատանքներ են իրականացվում, որի պատվիրատուն «Իտեռան» է։ «Նաիրիտ գործարանն» արդեն մոտ երկու տարի է, ինչ մատնված է պարապուրդի և մեծ պարտքեր է կուտակել։ Անցած տարի «Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստված «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագրով՝ քիմիական հսկայի արդիականացման համար անհրաժեշտ են $512 մլն-ի ներդրումներ։
Զարգացման այդ ծրագրով՝ ներդրումային գումարից ընդամենը $367 մլն-ն է ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը. $146 մլն-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում՝ $100 մլն՝ ԱՊՀ Միջպետական բանկի պարտավորությունների վերաֆինանսավորմանը, $46 մլն ՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը։
2006-ից մինչև 2011թ. վերջը «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը պատկանում էր Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited-ին։ Վերջինս մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը չի կատարել վարկային պարտավորությունները ԱՊՀ Միջպետական բանկի առջև (2006թ. օգոստոսին բանկը ընկերությանը $70 մլն վարկ էր տրամադրել՝ 5,3 տարով, տարեկան 12,5% տոկոսադրույքով), ինչի արդյունքում գրավադրված «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը դարձել է բանկի սեփականությունը։ «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը պատկանում է Հայաստանի էներգետիկայի է բանական պաշարների նախարարությանը։
Civilnet











