«Սթար» առևտրային ցանցը հունիսի 1-ից կփակի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող սուպերմարկետը, բայց առաջիկայում երկու սուպերմատկետ կբացի Էրեբունիում և Ջրվեժում։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին «Սթար» առևտրային ցանցի մամուլի ծառայությունում:
«Փակումը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր համայնքներում սուպերմարկետների հագեցվածությունը մեծացել է»,- պարզաբանեցին «Սթարում»։
Նախորդ տարվա սեպտեմբերին «Սթարի» կողմից «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի կլանման արդյունքում «Սթար» խանութների հագեցվածությունը Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր համայնքներում մեծացել է: «Հաշվի առնելով այս հանգամանքը` «Սթարի» ղեկավարությունը որոշում է կայացրել տնտեսական նպատակահարմարությունից ելնելով՝ փակել Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետը»,-ասացին ընկերությունում:
«Սթարը» Հայաստանում մանրածախ առևտրի ամենամեծ ցանցն է, որը ներառում է 30 սուպերմարկետ, 28-ը՝ Երևանում, 2-ը` Կոտայքի մարզում (Հրազդան և Բյուրեղավան):
Civilnet











