ԲՀԿ-ի՝ կոալիցիոն կառավարություն մտնել չցանկանալուց հետո տրամաբանական է, որ հանրապետականները շատ արագ ՕԵԿ-ի հետ կրկին պետք է կոալիցիոն կառավարություն ձևավորեն: Սակայն այս ընթացքում տպավորություն է, որ ՀՀԿ-ն շփոթվել է և չի կարողանում կողմնորոշվել խորհրդարանում և ապագա կառավարությունում պաշտոնների բաշխման հարցում:
Մինչև այսօր ՀՀԿ-ականները խուսափում են գոնե պաշտոնապես ակնարկել, թե երկրի կարևոր պաշտոններում ում են ցանկանում տեսնել: Միգուցե սա գալիս է ՀՀԿ-ի ներսում որոշումների կայացման առանձնահատկությունից. հայտնի է, որ այնտեղ Սերժ Սարգսյանը գրեթե միանձնյա է որոշումներ կայացնում, որոնք, առանց բացառության, հավանության են արժանանում բոլոր հանրապետականների կողմից: Նույնիսկ այս պարագայում գոնե համապատասխան մարդկանց հրահանգված կլիներ ինչ-որ բան հուշող հայտարարություններ անել: Այս ընթացքում նման միտում չի նկատվում:
Իշխանություններն առանց որևէ լուրջ պատճառաբանության հետաձգում են ԿԸՀ-ից մանդատների ստացման մայիսի 29-ին նախատեսված գործընթացը: Նման վարքագիծը հուշում է, որ ՀՀԿ-ի ներսում ինչ-որ բան այն չէ: Ամենայն հավանականությամբ՝ նրանց չի հաջողվում ներսում «արդարացի» բաշխել ընտրությունների ավարը:
Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մեջ ընդգրկվելը կարող էր ՀՀԿ-ի ներսում կոնսոլիդացիոն գործընթացներ հրահրել և անկախ տարաձայնություններից՝ այդ կուսակցության ներսում գործող հոսանքները առժամանակ հրաժարվեին նեղ կլանային և անձնական շահերի սպասարկումով զբաղվելուց: Տևական ժամանակ իշխանության մաս կազմող ուժի բացակայության պայմաններում իշխանական բուրգի ներսում առաջացել է վակուում, որը լցնելու համար ՀՀԿ-ի ներսում անդրկուլիսային պայքար կա:
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ վարչապետ մնա Տիգրան Սարգսյանը, և բնականաբար կուսակցության ներսում հազիվ թե որևէ մեկը հակադրվի առաջնորդի ցանկություններին: Հավանական է, որ խնդիրը ավելի շատ ԱԺ նախագահի պաշտոնն է, որի համար պայքարում է ՀՀԿ-ի ներսում հակասական ընկալվող Հովիկ Աբրահամյանը: Եթե վաղը ՀՀԿ գործկոմի նիստից հետո չտրվեն հասարակությանը հետաքրքրող այս հարցերի պատասխանները, կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ում ներկուսակցական ճգնաժամ կա:
Civilnet











