Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնը հատկացնելով` Սերժ Սարգսյանը կլուծի իր համար մի քանի կարևոր խնդիրներ: Չնայած, որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի խորհրդարանում, սակայն դատելով ՀՀԿ-ական շատ մանդատավորների որակներից, այդ մեծամասնությունը անհրաժեշտ պահերին կարող է խիստ խաբուսիկ լինել: Նախորդ գումարման ԱԺ-ի փորձը ցույց է տվել, որ ներկայում ՀՀԿ-ի քվոտայով մանդատ ստացածներից շատերն իրենց ավելի շատ պատկերացնում են «դուբայներում» և «օբյեկտներում», քան թե երկրի օրենսդիր մարմնում: Հետևաբար՝ այդպիսի պատգամավորների բացակայությունը ՀՀԿ-ին կարող է լուրջ խնդրի առաջ կանգնեցնել ԱԺ-ում: Եթե նախկինում կոալիցիոն գործընկերները կոմպենսացնում էին այդ բացը, ապա հիմա ՀՀԿ-ն միայնակ է մնացել:
Հովիկ Աբրահամյանի արժեհամակարգը թերևս համապատասխանում է ՀՀԿ-ի մեծ մասը կազմող պատգամավորների վերոնշյալ արժեհամակարգին: Փորձը ցույց է տալիս, որ Աբրահամյանը ի վիճակի է քիչ թե շատ կառավարելի վիճակ ստեղծել և այդ պատգամավորներին անհրաժեշտ պահերին բերման ենթարկել:
Հայտնի է նաև, որ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերությունները մեղմ ասած՝ լարված են: ԱԺ-ի նախագահի պաշտոնում Աբրահամյանը չափի մեջ անկասկած հակակշռելու է վարչապետին: Չնայած դեռ հայտնի չէ նոր վարչապետի անունը, սակայն հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հակվածությունը Տիգրան Սարգսյանի նկատմամբ, վարչապետի պաշտոնում ամենայն հավանականությամբ կրկին տեսնելու ենք Տիգրան Սարգսյանին: Աբրահամյան-Սարգսյան դիմակայությունը գործող նախագահն օգտագործելու է իր իշխանությունը ամրապնդելու համար: Դա նրան օգնելու է ունենալ վերահսկելի կառավարություն և խորհրդարան:
Սակայն այս նշանակումը Հովիկ Աբրահամյանի համար կարող է նվաստացուցիչ համարվել: ԱԺ նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ նա նշել էր, որ ընտրություններից հետո պակաս պաշտոն չի զբաղեցնելու: Գործող Սահմանադրությամբ ԱԺ նախագահի պաշտոնը երկրորդն է ՀՀ նախագահից հետո: Սակայն հիմա պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը դոփում է տեղում և չի կարողացել ձեռք գցել նախագահի պաշտոնը:
Հաշվի առնելով Աբրահամյանի պատկերացումները երկրի կառավարման մասին, հնարավոր է, որ ոչ պակաս պաշտոն ասելով՝ նա նկատի էր ունեցել վարչապետի պաշտոնը: Եթե այդպես է, ապա նա պարտվել է Տիգրան Սարգսյանին և հիմա ստիպված է բավարարվել եղածով:
Civilnet











