Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը քարոզող ՀՀԿ-ն ընտրություններից հետո անում է ճիշտ հակառակը: Նժդեհականների կարգախոսից մնացել է միայն հավատալը:
Դատելով խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմից և երկրի կարևոր պաշտոններում նշանակված անձանցից, դեժավյուի տպավորություն է ստեղծում: ՀՀԿ խմբակցության կազմը որևէ էական փոփոխության չի ենթարկվել, ԱԺ նախագահը նույն անձնավորությունն է, կառավարության հիմնական կազմը մնալու է նույնը:
Այս պարագայում անհասկանալի է, թե ինչ էր ուզում փոխել Սերժ Սարգսյանը: Եթե հին թիմը աշխատել էր այնպես, որ իշխանության վերնախավի մոտ փոխելու տրամադրություններ էր առաջացրել, ապա որքանով է տրամաբանական այդ նույն թիմով շարունակելը: Առավել ևս, որ կառավարության գործունեությունը և գրանցած արդյունքները հասարակության շրջանում, մեղմ ասած, դրական չեն ընկալվում: ՀՀԿ խմբակցության մաս կազմող որոշ անձանց կենսագրակերպն արդեն հուշում է, որ որևէ բան փոխելու ցանկություն պարզապես չկա:
Հանրապետական մանդատավորները ակամա բացահայտում են գործող իշխանության տրամաբանությունը: Ժողովրդավարական երկրներում իշխանությունը հենվում է այն մարդկանց վրա, ովքեր վստահություն և հարգանք են վայելում ժողովրդի կողմից: Հայաստանում իշխանությունը ապավինում է այնպիսի անձանց, ովքեր հասարակական արատների հիմնական մեղավորներ են ընկալվում: Արդեն նախկին և մեծ հավանականությամբ հաջորդ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ ՀՀԿ ցուցակում գործարարներ չեն լինելու, սակայն իշխանամերձ օլիգարխիան գրեթե ողջ կազմով ներկայացված է ՀՀԿ խմբակցության կազմում:
Նրանց օրենսդիր մարմին բերելով՝ իշխանությունը ակամա ցույց է տալիս է, թե ում է պարտական իր վերարտադրության համար և ժողովրդի ու իշխանության միջև «անհասկացածության պատնեշը» քանդելու փոխարեն էլ ավելի է ամրացնում այն:
Civilnet











