Գլխավոր Լրահոս

Առանց ինքնախաբեության

Առանց ինքնախաբեության

102 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրությունը արտաքուստ տպավորություն է ստեղծում, որ ՀՀԿ-ն խորհրդարանում որևէ խնդիր չի ունենալու: Արդեն իսկ հնչում են քննադատություններ, որ ազատ քվեարկության որոշում ունեցող ԲՀԿ խմբակցության անդամների մի մասը քվեարկել են Հովիկ Աբրահամյանի օգտին և հետևաբար՝ կարելի է արձանագրել, որ ԲՀԿ-ն այլընտրանք կամ ընդդիմություն չէ: Ստեղծված պահին իշխանության մաս կազմող կուսակցության համար բավական խնդրահարույց է մի քանի օրվա ընթացքում տրանսֆորմացվել ընդդիմադիր ուժի:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ հայտնի չէ  դեպք, երբ նախկին իշխանությունները օրերի ընթացքում վերածվել են ընդդիմության: Ներկայիս արմատական ընդդիմության՝ ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ, ընդհուպ մինչև նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունը կորցնելուց հետո բավական լոյալ էին տրամադրված նոր իշխանությունների նկատմամբ: Հետևաբար՝ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ իներցիան, անկախ ամեն ինչից, շարունակվել է:

Բացի այդ, չնայած, որ Սահմանադրությամբ ԱԺ նախագահի պաշտոնը կարևորությամբ երկրորդն է նախագահի պաշտոնից հետո, սակայն դե ֆակտո երկրի քաղաքական և տնտեսական կյանքում այն մեծ դերակատարություն չունի: Մեծ հաշվով՝ կարելի է համարել, որ ԱԺ նախագահի ընտրությունը երկրորդական նշանակության հարց էր: Երբ խորհրդարանում մեկ ուժ բացարձակ մեծամասնություն ունի, ԱԺ նախագահի դերը էականորեն փոքր է, քան այն  դեպքում, երբ լինում են քաղաքական հակակշիռներ:

Այս հարցում ԲՀԿ-ականների ծայրահեղական ընդդիմադիր քվեարկությունը կարող էր դիտարկվել որպես ինչ-որ բան ապացուցելու ինքնանպատակ ձգտում: Ինքնանպատակ և չարդարացված կլիներ նաև ինչ-որ մեկին ԲՀԿ-ից առաջադրել որպես ԱԺ նախագահի թեկնածու՝ նախօրոք իմանալով քվեարկության արդյունքը: Հայաստանում ձևավորվել է քաղաքական մի կարծրատիպ, ըստ որի՝ ընդդիմադիր համարվելու համար պետք է անել որևէ արդյունքի չհանգեցնող, հնչեղություն ունեցող, պոպուլիստական ու բուտաֆորիկ քայլեր, ինչը ավելի շատ նման է քաղաքական օնանիզմով զբաղվելուն:

Եթե ԲՀԿ-ական և ընդդիմադիր համարվող պատգամավորները կողմ քվեարկեն վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի հաստատվելու օգտին, այն դեպքում, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատության հիմնական թիրախը եղել է նրա կառավարության քաղաքականությունը, արդեն կարելի է կասկածել ԲՀԿ-ի և մյուսների այլընտրանք կամ ընդդիմություն լինելու հանգամանքի վրա: Բայց ԱԺ նախագահի ընտրությունն այդ դեպքը չէ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում