«Մենք որոշեցինք, որ ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամից Բելառուսին կհատկացվի վարկի երրորդ տրանշը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ավարտից հետո։
Հիշեցնենք, որ ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը Բելառուսին $3 մլրդ-ի վարկային միջոցներ տրամադրելու որոշումը հաստատեց 2011թ. հունիսի 4-ին։ Առաջին տրանշը՝ $800 մլն ծավալով, Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Մինսկին փոխանցեց արդեն հունիսի 20-ին։ Երկրորդ տրանշը ($440 մլն) Բելառուսը ստացավ 2011-ի տարեվերջին։
2012-2013թթ. ընթացքում Մինսկին ԵվրԱզԷՍ-ի վարկային միջոցներից տրամադրվելու է ևս չորս տրանշ՝ $440-ական մլն ծավալով։ ԵԶԲ միակ նախապայմանը բելառուսական կառավարության կողմից մշակված մակրոտնտեսական ու դրամավարկային կայունացման ծրագրի իրագործումն է։
Նշենք, որ Հակաճգնաժամային հիմնադրամի $3 մլրդ-ի վարկային միջոցները Բելառուսին տրամադրվել են 10 տարի ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ (այս ընթացքում կատարվելու են միայն տոկոսավճարներ)։ Վարկի մայր գումարի մարումը Մինսկը կսկսի 2014թ. երկրորդ կեսից։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ. Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ նպատակ հետապնդելով խթանել շուկայական տնտեսության զարգացումը, տնտեսական կայուն աճը մասնակից երկրներում։ Բանկի կանոնադիր կապիտալը գերազանցում է $1,5 մլրդ-ը։ Բանկի մասնակից պետությունները թվում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Civilnet











