Հայաստանի անշարժ գույքի շուկայում արձանագրվել է օտարման գործարքների որոշակի աճ, գները թելադրել է պահանջարկը, ինչի արդյունքում անշարժ գույքը շարունակել է էժանանալ։ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գները այս տարվա 1-ին եռամսյակում 2011թ. 4-րդ եռամսյակի կհամեմատ նվազել են 2,6%-ով, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 3,2%-ով։
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ուսումնասիրության համաձայն՝ 2012թ. 1-ին եռամսյակում անշարժ գույքի 10,4 հազ. օտարման գործարքների 77,6%-ը կազմել է առուվաճառքները, 21,6%-ը՝ նվիրատվությունները, 0,8%-ը՝ փոխանակությունները։
Օտարման գործարքների 38,8%-ն արձանագրվել է Երևանում, ընդ որում՝ օտարված անշարժ գույքի 38,8%-ը եղել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով: Այս տարվա 1-ին եռամսյակում, 2011թ. 4-րդ եռամսյակի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 20,3%-ով, 2011թ. 1-ին եռամսյակի համեմատ՝ աճել 2,9%-ով։ Երևանում 2011թ. 4-րդ եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13,8%-ով, 2011թ. 1-ին եռամսյակի համեմատ՝ աճել 7,6%-ով։
Գործարքների աճին զուգահեռ արձանագրվել է բնակարանների գների նվազում։ Այսպես` 2012թ. 1-ին եռամսյակում Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ նվազել է 3,2%-ով։ Սա նշանակում է, որ անշարժ գույքի շուկայում գները դեռևս հավասարակշռված չեն առաջարկով ու պահանջարկով և ուռճացված են։ Նման պայմաններում գները թելադրել է պահանջարկը, որն այնքան էլ մեծ չէ, ինչի մասին վկայում է նաև այն, որ 2011թ. 4-րդ եռամսյակի համեմատ գները Երևանում նվազել են 2,6%-ով։
Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանում և մարզերում որոշակիորեն աճել է նաև առանձնատների պահանջարկը։ Իրականացվել է առանձնատների առուվաճառքի 160 գործարք, այդ թվում` Երևանում՝ 286, մարզերում՝ 874: Հաշվետու ժամանակահատվածում անհատական բնակելի տների գործարքների քանակն աճել է 19,3%-ով (Երևանում՝ 17,7%-ով, մարզերում՝ 19,9%-ով): Այդուհանդերձ, Երևանում առանձնատներն էժանացել են 2,2%-ով։
Մայրաքաղաքում առանձնատների պահանջարկի աճն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ դրանց և բազմաբնակարանային շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գնի տարբերությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 20 հազ.։ Սա նույնպես վկայում է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների ուռճացված լինելու մասին։
Անշարժ գույքի շուկայի գործարքների վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև հիփոթեքային շուկան։ Այսպես` 1-ին եռամսյակում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 89 գործարք, որից 61-ը` Երևանում։ 2011թ. 4-րդ եռամսյակի համեմատ գրավադրման գործարքների քանակը նվազել է 87,2%-ով, ընդ որում` Երևանում՝ 87,2%-ով, մարզերում միասին վերցրած՝ 87%-ով։ 2011թ. 1-ին եռամսյակի համեմատ գործարքների քանակը նվազել է 81,9%-ով, ընդ որում` Երևանում՝ 83,6%-ով, մարզերում միասին վերցրած՝ 76,7%-ով:
Հիփոթեքային գործարքների քանակի նման նվազումը ցույց է տալիս վճարունակ և կանխատեսելի եկամուտով պահանջարկի նվազման մասին, քանի որ բանկերը հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների վերանայում չեն կատարել, ընդհակառակը՝ առանձին բանկեր մեղմել են վարկերի տրամադրման պահանջները։
Civilnet











