Գլխավոր Լրահոս

Դիզելու իմաստը հացի խնդիրն է

Քաղաքի կենտրոնում այսօր մի ուրիշ ձևի ծառահատում է՝ «Ծառերը տեղափոխում ենք» պատճառաբանությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Փակ շուկայի քանդման աշխատանքները նկարագրել է որպես շուկայի հիմքի ամրացման աշխատանքներ: Երկրի նախագահն առաջարկել է Կոմիտասի անվան պանթեոնում հիմնել Կոմիտասի անվան թանգարան: Նալբանդյան 106/01 հասցեի բակում այս օրերին ծառեր են տապալվում, այնտեղ կառուցվող ցանկացած, նույնիսկ բարդակի անունը կարելի է դնել «Կոմիտասի անվան թանգարան»։ Երբ ես ժամանակ առ ժամանակ խոսում եմ հետևողականության մասին, սա նկատի ունեմ՝ դու ունես գաղափարներ, և ջհանդամ թե ծառերը կոտորվում են։

Ընկերներիս հետ զբոսնում եմ նախարարությունների շենքի դիմացով, հավանաբար ավելի անխնամ տարածք չեմ հանդիպել, նույնիսկ մեր շենքի աղբանոցն ավելի խնամված է։ Խորհրդային տարիներին այդտեղ շատրվաններ են կառուցել, որպեսզի տեսարան լինի, աչքին արժանի տեսարան։

Բայց նախ հարց է, թե ընդհանրապես ո՞րն է աչքին արժանի, և ի՞նչ են հասկանում տեսարան ասելով։ Ուրեմն մի կողմում նախարարություններն են, ներառյալ՝ բնապահպանության և մշակույթի նախարարությունները, մյուս կողմում՝ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակը, որտեղ մեր զբոսանքի պահին ընթանում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ Որոշում էին, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահն ու փոխնախագահները, նաև՝ հանձնաժողովների ղեկավարները։ Գրասենյակի մոտից մինչև Հանրապետության հրապարակ հասնող արտասահմանյան ավտոմեքենաների շքեղությունը գերազանցում էր մեր պետբյուջեն։ Գրասենյակի շուրջբոլորը շինարարություն է, շատ շքեղ շինարարություն։ Իսկ այդ նախկին շատրվանների տեղում այսօր բետոնե ավերակներ են, որոնց ներքո անտուն մարդիկ են ապրում։ Այսինքն՝ անտունները պետությանը հանգիստ թողնելու այլ ձև չեն գտել, քան այդ բետոնե կույտերի մեջ պատսպարվելը։ Ընկերս զարմանում է՝ սա ի՞նչ է։ Նկատի ունի բետոնե թմբերի իշխանությունը մի տարածքում, որտեղ նախկինում հողն է իշխել։ Ու հիմա էդ բետոնե թմբերի վրա մարդիկ սվաստիկա են նկարում, բնությանն անհայտ գույնի տառերով սեր են խոստովանում և այլն։

Ընկերս, իհարկե, գիտի, թե դա ինչ է։ Նա հասկանում է ճարտարապետությունից։ Բայց այստեղ խնդիրը ճարտարապետությունը չէ, այլ հողը։ Քաղաքի կենտրոնում խորհրդային իմաստունները հողը մեկուսացրել են «ճարտարապետական» լուծումներով։ Եվ այդ «լուծումների» քթի տակ գրեթե ամեն օր երկրի ճակատագիր են որոշում։ Ահա հենց այս հարցի վրա կանգ կառնենք։ Ի՞նչ խնդիրներ են լուծվում։ Հասկանալու համար, թե որոնք են լուծվելիք խնդիրները, նախ պետք է հիշել, թե ովքեր են լուծողները։ Նրանց մասին Հրանտ Մաթևոսյանը ժամանակին ասում էր՝ սոված են։ Ընկերս շարունակում է՝ հացի խնդիր են լուծում։ Հասկանո՞ւմ եք՝ սովածանալիս նրանք իրենց միջի մարդու տեղը չգիտեն։ Նրանք գիտեն միայն սովը, գիտեն, թե ովքեր են դառնում սովի պատճառ, այլ խոսքով՝ իրենցից բացի՝ բոլորի տեղը գիտեն որպես պոտենցիալ փորձանքի։ Եվ ամբողջ ջանքով ապրում են ընդդեմ այդ փորձանքի, ընդդեմ սովի մի քանի վայրկյանի։ Նրանց կյանքի, ասենք, 70 տարին անընդհատ պայքար է ընդդեմ մի քանի վայրկյանանոց սովի սպառնալիքի։ Նրանք տքնում են, նրանք «ստեղծագործում» են իրենց օրվա յուրաքանչյուր վայրկյանը ընդդեմ սովի մի քանի վայրկյանի։ Նրանք մարդիկ են, որոնք միշտ նկատի ունեն սովը։ Դե հիմա ինքներդ ասեք, մարդը, որը միշտ մտածում է սոված մնալու մասին, ուրիշ ինչի՞ մասին կարող է մտածել, և ո՞րն է նրա դիզելու իմաստը։

PQ.
Գրասենյակի մոտից մինչև Հանրապետության հրապարակ հասնող արտասահմանյան ավտոմեքենաների շքեղությունը գերազանցում էր մեր պետբյուջեն։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում