Այս շաբաթ արտարժութային շուկայում կարծես հանդարտվեցին դրամի հետագա արժեզրկման սպասումները և փոխարժեքն ավելի կայուն վարքագիծ ստացավ։
Այսպես. եթե մայիսի 28-ին բանկային համակարգում միջին փոխարժեքը կազմում էր $1/Դ404,5 ապա հունիսի 1-ին արդեն $1/Դ405,6։ Թեև մեկ շաբաթվա ընթացքում դրամն իր դիրքերը զիջել է 1 կետով, այս հանգամանքն ավելի շատ պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, քան սպեկուլյատիվ սպասումներով։
Արտարժութային շուկայում բացասական սպասումների մեղման մասին է վկայում թեև այն, որ արտարժույթի ներբանկային շուկայում այս շաբաթ (մայիսի 28-հունիսի 1) նախորդ շաբաթվա համեմատ բանկերի կողմից վաճառվել է 10%-ով քիչ դոլար (ընդհանուր առմամբ՝ $90,8 մլն)։ Բանկերի կողմից գնված դոլարների ծավալը զգալիորեն չի տարբերվել ($70,6 մլն)։
Դոլարի արհեստական պահանջարկի նվազման մասին է խոսում նաև բորսայում իրականացված գործարքների ընդհանուր ծավալը։ Շաբաթվա ընթացքում «Նասդաք ՕէՄէՔս Արմենիա» բորսայում նախորդ շաբաթվա համեմատ դոլարի առք ու վաճառքի ծավալները կրճատվել են գրեթե կիսով չափ՝ կազմելով $17 մլն։
Արտարժութային շուկայում մյուս արժույթների գործարքների ծավալից կարելի է ենթադրել, որ այս շաբաթ դրամի հետագա արժեզրկման սպասումները չեզոքացնելու և դոլարի պահանջարկը բավարարելու համար Կենտրոնական բանկը բորսայի միջոցով դոլարային ինտերվենցիաներ է իրականացրել։ Նշենք, որ չնայած մայիսի 7-ից մայիսի 25-ը ԿԲ-ն բորսայում վաճառել է մոտ $45 մլն, ազգային արժույթն այդուհանդերձ թուլացել է մոտ 15 կետով։
Civilnet











