Գլխավոր Լրահոս

Սարեր շարժելու հետևանքները

Սարեր շարժելու հետևանքները

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություների միջև կարծես լարված հարաբերություններ են: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր, որ պատգամավորական մանդատները պատրաստվում է վերցնել հունիսի 2-ի կուսակցության համագումարից հետո:

Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ մանդատները բաշխելու հարցում կուսակցության ներսում կոնսենսուս չկա և դրան փորձելու են հասնել համագումարի ժամանակ: Խնդիրն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր են ընտրվել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները: Սակայն տեղեկատվություն կա այն մասին, որ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները, չսպասելով իրենց գործընկերների որոշմանը, շտապել են վերցնել մանդատները:

ՍիվիլՆեթին չհաջողվեց տեղեկատվությունը ճշտել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորների և կուսակցության մամլո խոսնակի հետ, քանի որ հեռախոսներին չէին պատասխանում: Իսկ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկատվությունը և խորհուրդ տվեց դիմել «Ազատ դեմոկրատներին»:

Եթե իրականում «Ազատ դեմոկրատները»,  չսպասելով «Ժառանգության» որոշմանը, վերցրել են մանդատները, ապա այդ քայլը քաղաքական և գործընկերային հարաբերությունների տեսակետից առնվազն կոռեկտ չէ: Նրանք պատգամավոր են դարձել «Ժառանգության» ցուցակով և պետք է, որ մանդատները վերցնեին այդ երկու կուսակցությունների համատեղ համաձայնությամբ: Իրականությանը համապատասխանելու դեպքում այս քայլը կարող է դիտարկվել որպես «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» քաղաքական ապահարզան: Կստացվի, որ Խաչատուր Քոքոբելյանի առաջնորդած ուժը պարզապես «ժառանգությանը» օգտագործել է մանդատներ ձեռք բերելու համար, որից հետո շատ հանգիստ կարող է հրաժեշտ տալ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բացի այդ՝ հնարավոր է՝ առոչինչ դառնան այն պնդումները, որ այդ երկու ուժերի միավորումը ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ին այլընտրանք դառնալու մեծ պոտենցիալ է պարունակում, որը կարող է օգտագործվել նախագահական ընտրությունների ժամանակ: Այս հավակնոտ ծրագրերից հետո կարող է պարզվել, որ խորհրդարանում Րաֆֆի Հովհաննիսյանը ունի ընդամենը երեք մանդատ, իսկ հետևում՝ տապալված քաղաքական պրոյեկտ:

Բայցևայնպես, պետք է նկատի ունենալ, որ եթե «Ազատ դեմոկրատների» մանդատ ստացած ներկայացուցիչները լքեն խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցությունը, նրանցից խորհրդարանում կմնա միայն Խաչատուր Քոքոբելյանը, քանի որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ համամասնական ցուցակի առաջին երեք համարներից բացի, խմբակցությունից դուրս եկած պատգամավորը զրկվում է պատգամավորական մանդատից:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում