Չնայած Եվրամիության առաջնորդների՝ ավելի քան երկու տարի շարունակ տրվող հավաստիացումներին՝ Եվրոպայի պարտքի ճգնաժամի հետ կապված դեռ որևէ հույս չի նշմարվում։ Վերջերս Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, անդրադառնալով եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությանը, Եվրոպական խորհրդարանին տեղեկացրել էր, որ այդ հարցում «պլան Բ» գոյություն չունի։
Բարոզուն ցանկանում էր հուսադրող հայտարարություն անել։ Սակայն այդքան շատ հիասթափություններից հետո Չինաստանը չի կարող հալած յուղի տեղ ընդունել Եվրոպայի քաղաքական գործիչների հավաստիացումները, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, թե կկարողանա՞ն արդյոք վճարել պարտքերը, թե՞ ոչ։ Չինաստանը պետք է ունենա իր ուրույն «պլան Բ»– ն, եթե հանկարծ Հունաստանը ստիպված լինի դուրս գալ եվրոգոտուց։
Անշուշտ, ավելի ու ավելի հավանական է դառնում այն, որ Հունաստանը չի կարողանա կատարել հակաճգնաժամային օգնության դիմաց ստանձնած պարտավորությունները։ Եթե դա տեղի ունենա, և «Եռյակը» (Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)) դադարեցնի Հունաստանին տրվող ֆինանսական աջակցությունը, ապա եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը անխուսափելի կդառնա։ Այդ դեպքում Չինաստանը պետք է պատրաստ լինի դրանից բխող ցանկացած գլոբալ ֆինանսական իրարանցման և երկարաժամկետ հետևանքների։
Սկզբի համար չինացի պաշտոնյաները չպետք է որևէ պատրանք ունենան, թե իրենց երկիրն անձեռնմխելի կմնա ֆինանսական վարակի նկատմամբ։ Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կհարվածի եվրոպական բանկերին, որտեղ պահվում են եվրոգոտու արվարձանային երկրների պետական պարտատոմսերը։ Ակտիվներն արագ վաճառելու միջոցով պարտքը կրճատելու գործընթացի հարվածի ալիքը իր հերթին կտարածվի զարգացող երկրների վրա, ինչպիսին է Չինաստանը։
Թեև եվրոգոտու պետական և բանկային սեկտորի ակտիվների նկատմամբ չինական բանկերի և ֆինանսական ինստիտուտների կախվածությունը չնչին է, եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուց հետո ռիսկային շուկաներից կապիտալի արտահոսքը կարող է լինել նույնքան կամ նույնիսկ գերազանցել 2008թ. Lehman Brothers– ի փլուզմանը հաջորդած շաբաթներին արձանագրված մակարդակը։ 2007-2008 թթ. համեմատ զարգացող երկրներում օտարերկրյա ներդրողների ակտիվներն ավելի շատ են՝ շնորհիվ վերջին տարիներին այդ երկրների հարաբերական տնտեսական հզորության և զարգացած երկրներում իրենց ֆինանսական ակտիվներից ստացվող հաստատուն եկամուտների։
Իրականում Չինաստանն արդեն զգացել է ակտիվներն արագ վաճառելու միջոցով պարտքը կրճատելու գործընթացի ազդեցությունը, երբ անցած տարվա վերջին եվրոպական ֆինանսական համակարգը, կարծես, փլուզման եզրին էր։ Այդ ժամանակ, երբ եվրոպական բանկերը հրաժարվում էին փոխել իրենց գործելաոճը, իսկ յուանի փոխարժեքը 11 օր շարունակ անկում ապրեց՝ հակառակ Չինաստանի դրական ընթացիկ հաշվեկշռին։
Զարգացող երկրների արժույթների և այլ ակտիվների երկրորդ եռամսյակի ցուցանիշներն առայժմ ցույց են տալիս, որ ակտիվներն արագ վաճառելու միջոցով պարտքը կրճատելու գործընթացը կրկին սկսվել է։ Առաջին եռամսյակում աճի հիասթափեցնող տվյալներն օտարերկրյա ներդրողներին արդեն ստիպել են կրկին մտածել Չինաստանում իրենց գումարները թողնելու նպատակահարմարության մասին։ Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կարող է լցնել համբերության բաժակը, ինչը, անկասկած, կհանգեցնի տեղական դրամավարկային պայմանների խստացման տնտեսական ցիկլի շատ վտանգավոր այս պահին։
Կապիտալի շարժի ազատականացման գործընթացն արագացնելու գաղափարն առաջարկելու համար, որպես այդպիսին, սրանից ավելի վատ ժամանակ չի կարող լինել։ Ընդհակառակը, Չինաստանի Ժողովրդական բանկը (ԿԲ) և համապատասխան այլ կառույցներ պետք է մտածեն կապիտալի վերահսկման, շուկայի վարկավորման դադարի և հրատապ իրադրություններում իրացվելիություն ապահովելու մասին։
Սրանք տարբեր չեն այն միջոցներից, որոնց իրականացմանը եվրոգոտին հետամուտ կլինի եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու պարագայում։ Լավագույն դեպքում արձագանքը կհամակարգվի Չինաստանի միջազգային գործընկերների հետ Մեծ քսանյակի հանդիպմանը: Այսպիսի համագործակցության համար ենթակառուցվածքները 2008-ից ի վեր մեծ թափով զարգացել են, և Չինաստանը չպետք է խուսափի իր տնտեսությունը հրապարակայնորեն պաշտպանելուց։
Ավելին, Չինաստանը պետք է միջնաժամկետ ծրագիր ունենա, որը թույլ կտա հաղթահարել տնտեսական հետևանքները, եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց։ Եթե այնպես ստացվի, որ վարակը սահմանափակ լինի, իսկ միակ տուժողը՝ Հունաստանը, եվրոգոտու արտադրության անկումը կարող է խիստ լինել, սակայն ոչ աղետալի։ Այդուհանդերձ, ԵՄ-ն Չինաստանի առևտրային ամենակարևոր գործընկերն է, և Չինաստանը պետք է պատրաստվի արտահանման հատվածում աշխատատեղերի լուրջ կորուստների։
Ճապոնիայի փորձը ցույց է տալիս, որ ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած ռեցեսիան կարող է չափազանց շատ ձգձգվել, քանի որ ակտիվներն արագ վաճառելու միջոցով պարտքը կրճատելը երկար գործընթաց է։ Շատ հավանական է, որ այսօրվա ռեցեսիան ձգձգվի շատ երկար տարիներ և՛ Ամերիկայում, և՛ ԵՄ–ում։ Այնպես որ՝ Չինաստանի կառավարությունը պետք է ունենա միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որպեսզի հաղթահարի ձգձգված, գլոբալ տնտեսական խիստ անկման հետևանքով առաջացած խնդիրները։
Այդ խնդիրներից է գործազրկության կտրուկ աճը և անհրաժեշտությունը՝ հարկաբյուջետային միջոցներ վերատրամադրելու նրանց, ում բարեկեցությունը վճռորոշ է սոցիալական կայունության պահպանման համար։ Ավելի կարևոր է այն, որ Չինաստանի կառավարությունը ջանք չխնայի իրականացնելու կառուցվածքային բարեփոխումներ, որոնք Չինաստանի աճի մոդելը կփոխարինեն մեկ այլ մոդելով, որը շատ ավելի մեծ ուշադրություն կդարձնի ներքին պահանջարկին։
Բացի դրանից՝ օտարերկրյա կապիտալի մաքուր ներհոսքերը, քանի դեռ ընդհանուր պահանջարկը թույլ է, ամենայն հավանականությամբ, առնվազն մի քանի եռամսյակ կնվազեն՝ ազդելով տեղական դրամավարկային պայմանների վրա։ Անհրաժեշտ կլինի, որ Չինաստանի Ժողովրդական բանկը հակացիկլային քաղաքականություն վարի, որպեսզի խուսափի դեֆլյացիոն պարույրից՝ իրավիճակ, երբ գները նվազում են՝ հանգեցնելով արտադրության ցածր ցուցանիշների, ինչն իր հերթին ցածր աշխատավարձերի և ցածր պահանջարկի պատճառ է դառնում։
Անհրաժեշտության դեպքում երկու ուղղություններով էլ յուանին բավարար ճկունություն պետք է տրվի, չնայած սա վիճահարույց խնդիր է հատկապես այն պարագայում, որ Միացյալ Նահանգներում 2012-ը ընտրական տարի է։ Եվրոգոտու արվարձանային երկրների ամենամեծ ձախողումներից մեկը մրցունակության կորուստն է՝ թաքնված մեծաքանակ վարկերի հետևում, որոնք տրամադրվել են Գերմանիայի հաշվեկշռից։ Սա միշտ անկայուն է։ Կառուցվածքային ցավագին բարեփոխումներից խուսափելու նպատակով Չինաստանի ժողովրդական բանկը չպետք է դիմի որևէ մեղմ միջոցի։
Վերջապես, Պեկինը պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել։ Չինաստանը, որպեսզի վստահ լինի, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուց հետո եվրոգոտու ամբողջությանը հետագայում որևէ ուղղակի վտանգ չի սպառնա, պետք է միանա միջազգային գործընկերներին՝ ԱՄՀ-ի միջոցով լիովին վստահելի պաշտպանություն ստեղծելու գործում։ Այդուհանդերձ, եվրոգոտին և, մասնավորապես, Գերմանիան պետք է լիովին գիտակցեն եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հիմնական պատճառները և խոստանան գնալ ֆինանսական միության ճանապարհով՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ ԵՄ վտանգված այլ անդամ երկրների նկատմամբ միայն խիստ խնայողության քաղաքականություն վարելու մոտեցումը տանում է դեպի փակուղի։
Ադեկվատ պաշտպանությունն ու կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու Եվրոպայի հանձնառությունն ավելի հեռուն կգնան և կհանդարտեցնեն շուկաները ու կկրճատեն ռիսկերը, որոնք կարող են սպառնալ Չինաստանի կողմից ցանկացած աջակցության։ Այլ խոսքով՝ Չինաստանի տրամադրած յուրաքանչյուր աջակցություն պետք է հավասարազոր լինի «հնարավոր լավ արդյունքներից հետո լավ գումար նետելուն»։
Իհարկե, քննարկման մաս պետք է կազմեն նաև ԱՄՀ–ի կառավարման ոլորտի բարեփոխումները։ Միևնույն ժամանակ եվրոգոտին, հավանաբար, չափից շատ ավելի բաց կլինի արտաքին ներդրումների համար, և կանխիկով հարուստ չինական ընկերությունները պետք է շարունակեն հնարավորություններ փնտրել FDI-ի կամ կորպորատիվ ձեռքբերումների միջոցով։
Եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, դա գալիք ամիսներին նոր մարտահրավերներ կստեղծի Չինաստանի համար, որը պետք է խուսափի վտանգի նկատմամբ իր խոցելիությունը թերագնահատելուց։ Ներկայի և ապագայի համար պայքարի ծրագիր Չինաստանին հիմա է անհրաժեշտ։
Յու Յոնգդինգ
Civilnet











