«Երեք ամիս անց շուկաները կհոգնեն սպասելուց։ Նրանք կսկսեն ավելի շատ պահանջել, սակայն իշխանությունները չեն կարողանա բավարարել նրանց պահանջները», -ասել է Սորոսը։
Նրա կարծիքով՝ հունիսի 17-ին Հունաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան Աթենքի՝ Եվրամիությունից դուրս մնալու վախի պայմաններում, և հաղթանակ կտանեն այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են կատարել վարկատուների պահանջները։ Սորոսը՝ մյուս կողմից նշել է, թե ինչ կառավարություն էլ ձևավորվի Հունաստանում չի կարողանա իրագործել այդ պահանջները, և այս տարվա աշնանը ճգնաժամը Հունաստանում կհասնի իր գագաթնակետին։ Հայտնի ներդրողի կարծիքով՝ մինչ այդ Հունաստանի տնտեսությունը զգալի անկում կարձանագրի, և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դժվար կլինի գերմանացիներին համոզել ստանձնելու լրացուցիչ եվրապարտականություններ։
Ըստ Սորոսի՝ եվրոյի փփկության համար, առաջին հերթին, անհրաժեշտ է անցնել բանկային դեպոզիտների ապահովագրմանը՝ դադարեցնելու բանկերից ավանդների արտահոսքը, որ ներկայում արձանագրվում է ԵՄ արվարձանային երկրներում։ Բացի այդ՝ Սորոսի կարծիքով՝ պետք է ապահովվի եվրոպական բանկերի ուղղակի ֆինանսավորումը Կայունության եվրոպական մեխանիզմի կողմից, որը կսկսի գործել ամռան կեսերին։ Այս բոլոր միջոցառումները, ըստ հայտնի ներդրողի, պետք է զուգակցվեն վերահսկողության և կարգավորման համաեվրոպական գործիքների ներդրմամբ և կիառամամբ։
«Ոչ մեծ պարտք ունեցող երկրների ֆինանսական բեռը անհրաժեշտ է թեթևացնել։ Դա կարելի է իրագործել տարբեր ճանապարհներով, սակայն բոլորի դեպքում էլ անհրաժեշտ կլինի Բունդենսբանկի և Գերմանիայի կառավարության ակտիվ մասնակցությունը։ Որևէ արդյունք առանց Գերմանիայի աջակցության հնարավոր չի լինի արձանգրել», -ասել է Սորոսը։
Հայտնի ներդրողը՝ մյուս կողմից՝ նշել է, որ եվրոպական միասնական արժույթը, այսուհանդերձ, ապագա ունի։ «Եվրոյի գոյատևելու հավանականությունը բարձր է, քանի որ դրա փլուզումը բացասական հետևանքներ կունենա ոչ միայն արվարձանային երկրների, այլև Գերմանիայի համար։ Հետևապես Գերմանիայի իշխանությունները առավելագույն ջանքեր կգործադրեն դրա պահպանման համար», -ասել է Սորոսը։
Civilnet










