Այսօր կայքերից մեկում տեղեկատվություն էր տարածվել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը որպես քաղաքաշինության նախարար առաջարկելու է Հովհաննես Մարգարյանի թեկնածությունը, որը ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 12-րդ համարն էր և պատգամավորության մանդատ չի ստացել:
Սիվիլնեթի հետ զրույցում այս հարցի հետ կապված Հովհաննես Մարգարյանը նշեց, որ եղել և լինում են ընդհանուր քննարկումներ: «Ես կուսակցության փոխնախագահն եմ և ներկայում զբաղված եմ մարզային կառույցների աշխատանքների կազմակերպմամբ: Բնականաբար թե՛ օրենսդիր մարմնում և թե՛ գործադիրում ՕԵԿ-ի ներկայացվածության վերաբերյալ ընդհանուր քննարկումներ լինում են, սակայն կոնկրետ որոշում դեռ չկա»,- նշեց նա:
Հարցին, թե Ձեզ հետ կապված որևէ հստակ առաջարկ եղե՞լ է, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Միայն ընդհանուր քննարկումներ կուսակցության ներսում: Կոնկրետ անվանական բան չի խոսվել: Սակայն կարող եմ ասել, որ ես ինձ ավելի շատ պատկերացնում եմ երկրի օրենսդիր մարմնում, և խորհրդարանը ինձ ավելի հոգեհարազատ է, քան գործադիրը»:
Վերջում Հովհաննես Մարգարյանը անհրաժեշտ համարեց նշել, որ ինքը ՕԵԿ-ի զինվորն է: «Ինչպես նպատակահարմար գտնի կուսակցությունը և հատկապես առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այդպես էլ կանեմ: Ես կուսակցության զինվորն եմ, իսկ ՕԵԿ-ը ինձ համար օջախ է»:
ՕԵԿ-ը դեռ չի որոշել՝ ում է առաջադրելու գործադիրում. Հովհաննես Մարգարյան

Civilnet










