Որ նոր ձևավորվող կառավարությունում էական որևէ փոփոխության ակնկալիք պետք չէր ունենալ, վաղուց կարելի էր ենթադրել: Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելուց հետո պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը անփոփոխ է թողել նաև պաշտպանության, արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարներին: Իր տեղում կմնա նաև ոստիկանապետը: Կասկած չկա, որ կառավարության փոփոխությունները շատ աննշան կլինեն:
Թեև ՀՀԿ-ն փոփոխություն էր քարոզում, սակայն արդյունքում պետական կարևորագույն մարմիններում նշանակում է այն մարդկանց, ովքեր պատասխանատու են վերջին տարիներին Հայաստանի «տպավորիչ» ձախողումների համար՝ լինի տնտեսության, թե արտաքին քաղաքականության ասպարեզում:
Չնայած այն բանին, որ ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով մեծամասնություն վերագրվեց, բոլորին էլ հասկանալի է, որ այդ մեծամասնությանը նա չի տիրապետում: Ավելին, անգամ պաշտոնական արդյունքներով ընտրողների կեսը իր քվեն չի վստահել իշխող կուսակցությանը՝ այդպիսով դեմ արտահայտվելով վերջին տարիներին վարվող քաղաքականությանը: Հազիվ թե հասարակության մեջ առկա տրամադրություններից բարձրագույն իշխանական օղակներում տեղյակ չլինեն: Սակայն ի հեճուկս հասարակական կարծիքի՝ Սերժ Սարգսյանը նույն անձանցով վերարտադրում է իշխանական համակարգը: Այս քայլով գործող իշխանությունը ֆիքսում է, որ հասարակությունը այլևս իր համար քաղաքական գործոն չէ: Հասարակական գործոնի անտեսումը թերևս պայմանավորված է ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն է տալիս առանց աղմուկի ապահովել անհրաժեշտ տոկոսներ:
Այս մոտեցումը անվտանգ կլիներ այնպիսի համակարգերում, որտեղ հասարակական գիտակցությունը և քաղաքական համակարգը բռնապետական արժեհամակարգի շրջանակում են: Նմանատիպ ընտրակեղծիքների կիրառմամբ՝ բռնապետական ավանդույթների ձևավորման վտանգավոր ճանապարհ կարող է հարթվել: Սակայն Հայաստանում, որտեղ քաղաքական դաշտի ծանրակշիռ հատվածը ամենևին էլ չի պատրաստվում համակերպվել ՀՀԿ-ի անընդհատ վերարտադրվող մենիշխանության հետ, գործող իշխանությունների նման նկրտումները կարող են վտանգավոր լինել: Ընտրությունների ինստիտուտի՝ որպես իշխանության փոփոխության հիմնական և օրինական միջոցի ոչնչացումը երկիրը ցնցումների առաջ կանգնեցնելու պոտենցիալ վտանգ է պարունակում:
Civilnet











