
Բջջային համարի շարժականության ծառայությունը (Mobile number portability, MNP) բաժանորդին հնարավորություն է տալիս փոխել օպերատորին՝ պահպանելով հեռախոսահամարը: Հայաստանում նման ծառայության ներդրման հնարավորությունը դեռ քննարկման փուլում է։ Այն, բացի այդ, օրենսդրական փոփոխություններ է ենթադրում՝ անհրաժեշտ է, որ հեռախոսահամարի սեփականության իրավունքը օպերատորից փոխանցվի բաժանորդին։
Տարածաշրջանում Թուրքիան և Վրաստանն արդեն ներդրել են MNP համակարգ։ Ադրբեջանը թեև տարեսկզբին էր հայտարարում, որ ծառայությունը կներդրվի ապրիլից, այն առ այսօր չի գործում։ Ռուսաստանում MNP համակարգը կսկսի գործել, ամենայն հավանականությամբ, 2014-ից։ Բջջային օպերատորների հաշվարկներով՝ ծառայությունից կօգտվի բաժանորդների ընդամենը 3%-ը։ Ցուցանիշը, ըստ էության, չի արդարացնի ռուսական օպերատորների կողմից մոտ $410 մլն-ի ֆինանսական ներդրումները։
Նշենք, որ Հայաստանում համակարգի ներդրման հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից ուսումնասիրության փուլում է։
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական օժանդակությամբ արդեն հայտարարվել է խորհրդատուի մրցույթ: Արդյունքները հայտնի կլինեն օգոստոսին։ Խորհրդատու ընկերությունը մանրամասն ուսումնասիրելու է ներդրումների անհրաժեշտ ծավալը, դրանց վերադարձելիության ժամկետը, սպառողների շահերի պաշտպանության հարցերը։ Միայն դրանից հետո պարզ կլինի Հայաստանում MNP ծառայության ներդրման նպատակահարմարությունը»,– ՍիվիլՆեթին ասաց ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը։
Միանշանակ չէ նաև հայաստանյան բջջային եռյակի դիրքորոշումն այս հարցում։
«Օրանժ Արմենիա» ընկերությունը դրական է տրամադրված համակարգի ներդրմանը։ «Օրանժը բաց է MNP-ի ներդրման քննարկումների համար: Այն Հայաստանի հեռահաղորդակցության շուկային ճկունություն և դինամիկա կհաղորդի»,– ՍիվիլՆեթին պարզաբանեցին ընկերությունում։
Այդուհանդերձ, խնդիրն ավելի շուտ կարգավորողինն է, ծառայության ներդրումը պահանջում է նախ և առաջ օրենսդրական փոփոխություններ: Բանն այն է, որ հեռախոսահամարը, որը բաժանորդին վաճառում է օպերատորը, Հայաստանում շարունակում է մնալ օպերատորի սեփականությունը։ Անհրաժեշտ է, որ սեփականության իրավունքը օրենսդրորեն փոխանցվի բաժանորդին։
Հստակ չէ նաև անհրաժեշտ ներդրումների ծավալը։ «Ներդրումների ծավալը կախված է լինելու լուծումից, որը կընտրվի: Իսկ լուծումները տարբեր են, քանի որ օպերատորների համակարգերն են տարբեր: Մենք ներդրումները գնահատում ենք մինչև $1 մլն, թեև սա մոտավոր թիվ է»,– նշեցին «Օրանժ Արմենիա»-ում:
«ԱրմենՏել»-ում մոտեցումն այլ է։ «Պետք է մշակվի համապատասխան օրենսդրություն, բացառվեն կոռուպցիոն և բոլոր տեսակի ռիսկերը։ Բացի դրանից՝ պետք է թույլ չտալ մրցակցային առավելություն»,– ասացին ընկերությունում՝ վկայակոչելով Վրաստանում MNP-ի ներդրման փորձն ու ծառայության պոտենցիալի գերագնահատված լինելու հանգամանքը։
««Վիմպելկոմ» ընկերությունն այնտեղ ամենանոր օպերատորն էր: Երբ MNP-ն ներդրվեց, պարզ դարձավ, որ Վրաստանում համակարգը բերեց ընդամենը 5% բաժանորդների հոսք: Սա նշանակում է, որ ծառայության էֆեկտը փոքր է: Բիզնեսի տեսանկյունից արդյունավետ չէ»,– ՍիվիլՆեթին պարզաբանեցին ընկերությունում՝ հավելելով, թե MNP ծառայության համար կատարվող ներդրումները չեն վերադառնում, իսկ համակարգը ճիշտ կլինի ներդնել այն ժամանակ, երբ այն կնպաստի մրցունակության առողջացմանը։
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կարծիքով՝ MNP-ի ներդրումը կարևոր է հեռահաղորդակցության ոլորտի վրա տնտեսական ազդեցության տեսանկյունից, նաև շուկայի զարգացման միտումներին համահունչ լինելու առումով։ «Նախքան ծառայությունը ներդնելը կարգավորող մարմնի կողմից պետք է մշակվի և ընդունվի MNP-ն կարգավորող հստակ իրավական ակտեր՝ հաշվի առնելով համակարգի ներդրման անհրաժեշտության օբյեկտիվ չափանիշները, տեխնիկական առանձնահատկությունները, հայաստանյան շուկայի մրցակցային իրավիճակը և այլն»,– նշեցին ընկերությունում։
Նշենք, որ օպերատորներն իրենց կարծիքներն արդեն հայտնել են ՀԾԿՀ-ին և մասնակցում են բոլոր քննարկումներին՝ կապված MNP ծառայության ներդրման հետ:
Civilnet










