Համաշխարհային շուկայում մետաղների գների մոտ 20%-ով նվազումը Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններին ստիպել է ավելի ինտենսիվ շահագործել հանքերը։ Ոլորտում արդյունահանման ֆիզիկական ծավալների աճի ցուցանիշն այդուհանդերձ ավելի մեծ է, քան գումարայինինը։ Մետաղների գների հետագա նվազումը ստեղծում է թե՛ տնտեսական, թե՛ փոխարժեքային ռիսկեր։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գումարային արտահայտությամբ արձանագրվել է 14,8%-ի աճ, հիմնային մետաղների արտադրության ոլորտում՝ 9,6%-ի։ Ցուցանիշներն ամբողջովին պայմանավորված են ֆիզիկական ծավալների աճով։ Այսինքն՝ եկամուտների ավելացման նպատակով ընկերությունները դիմել են ընդերքի ավելի ինտենսիվ շահագործման։
Այսպես՝ ընթացիկ տարվա չորս ամիսներին պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 19,3%-ով՝ կազմելով մոտ 45 հազ. տ, կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն ավելացել են 15,2%-ով (արտադրվել է 3,3 հազ. տ), ցինկի խտանյութինը՝ 16,5%-ով (արտադրվել է 5,6 հազ. տ), մոլիբդենի խտանյութինը՝ 9,7%-ով (արտադրվել է 3,3 հազ. տ)։ Այս ընթացքում կրճատվել է միայն ֆեռոմոլիբդենի արտադրությունը՝ 6,8%-ով (արտադրվել է 1,6 հազ. տ)։
Հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների կողմից հանքերի ինտենսիվ շահագործումը պայմանավորված է նրանով, որ այս տարի համաշխարհային շուկայում մետաղների գներն ավելի ցածր են եղել։ Այսպես՝ 2011թ. հունվար-ապրիլին պղնձի միջազգային գները տատանվել են $9,5-10 հազ-ի միջակայքում, այս տարի՝ $7,6-8,5 հազ-ի։ Գները նվազել են 15%-ով։ Ընդ որում՝ մոլիբդենն էժանացել է մոտ 20%-ով։
Նշենք, որ համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներն ու սպասումներն ավելացնում են Հայաստանի հանքարդյունաբերության ռիսկերը։ Այսպես՝ միայն մայիսին համաշխարհային շուկայում 1 տ պղինձն էժանացել է $1000-ով կամ 12%-ով։ Կարմիր մետաղի գների նվազումը պահպանվել է նաև հունիսի առաջին 4 օրերին. երեկ 1 տ-ի գինը $7,26 հազ. էր (2008թ. օգոստոսի գների մակարդակում)։
Ըստ կանխատեսումների՝ եվրոգոտում պարտքային ճգնաժամի բացասական ազդեցությունից խուսափել չի հաջողվի նաև զարգացած այլ երկրների տնտեսություններին, ինչն իր հերթին կսահմանափակի պղնձի համաշխարհային պահանջարկը։ Հայաստանի պարագայում մետաղների գները չափազանց կարևոր են տնտեսական աճի տեսանկյունից. ընդերքի հետ կապված ոլորտների մասնաբաժինն արդյունաբերությունում կազմում է 34%, մետաղների տեսակարար կշիռը արտահանման կառուցվածքում՝ մոտ 60%։
Ըստ էության՝ մետաղների գների հետագա նվազումը հանգեցնելու է մի կողմից տնտեսական աճի դանդաղման, մյուս կողմից՝ ստեղծելու է դրամի հետագա արժեզրկման ճնշումներ։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պղնձի միջազգային գների նվազագույն շեմը, որի դեպքում Հայաստանում ակնհայտ խնդիրներ են առաջանում, 1 տ-ի դիմաց $4,5 հազ-ի սահմանագիծն է։
Civilnet











