Կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն՝ այսօր կայացած նիստին ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ Եվրամիության պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների խորացումը հանգեցրել է Հայաստանի հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես՝ Եվրամիության և Ռուսաստանի արժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի կտրուկ արժևորմանը, ինչն անդրադարձել է նաև արտարժույթի շուկայի վրա՝ արտահայտվելով ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ:
«Համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի դանդաղման ռիսկերի ներքո հիմնական հումքային ու պարենային ապրանքների համաշխարհային շուկաներում ձևավորվում է գնանկումային միջավայր»,- նշված է հաղորդագրությունում:
«Խորհուրդը գնահատեց, որ, ճիշտ է, ներկայում ներքին գների վրա մասնավոր ծախսումների և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատվում է ոչ գնաճային, այնուամենայնիվ, մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, որն, ըստ էության, արդեն իսկ դրամավարկային պայմանների թուլացում է, գների մակարդակի վրա կթողնի իր գնաճային ազդեցությունը: Միևնույն ժամանակ, չնայած 12-ամսյա գնաճը ներկայում կազմում է ընդամենը 0,5%, 12-ամսյա բնականոն գնաճը գտնվում է գնաճի նպատակային ցուցանիշի սահմաններում»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Արդյունքում ԿԲ խորհուրդը որոշել է առայժմ ձեռնպահ մնալ տոկոսադրույքի միջոցով դրամավարկային պայմանների էլ ավելի թուլացումից:
«Միաժամանակ, միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը որոշում կայացրեց ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը նվազեցնելու վերաբերյալ՝ 6 տոկոսային կետից այն դարձնելով 5 տոկոսային կետ, իսկ մինչև տարեվերջ՝ աստիճանաբար հասցնելով 3 տոկոսային կետի»,-նշվում է հաղորդագրությունում:
Civilnet











