Գլխավոր Լրահոս

Ինչն է խանգարելու վերարտադրությանը

Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը, օգտագործելով բոլոր հնարավոր լծակները, 2013թ. փորձելու է վերարտադրվել: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր հասարակության գիտակցության մեջ դեռևս գերակշռում է օտարամոլության գործոնը, իշխանություններն այս շրջանում փորձելու են համոզել, որ այսպես կոչված դրսի «դաբրոյի» հարցը լուծված է: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը և նրա կողմից Սերժ Սարգսյանին «հիանալի առաջնորդ» բնորոշելը փորձ է արվում օգտագործել այն տեսանկյունից, որ նախագահական ընտրություններում Միացյալ Նահանգները կանգնած է լինելու Սերժ Սարգսյանի կողքին: Բացի այդ՝ օգտագործելով արևմտյան հեղինակավոր կենտրոններն ու լրատվամիջոցները՝ վերլուծություններ են հրապարակվում, որոնց հիմնական ասելիքն այն է, որ ՀՀԿ առաջնորդը 2013թ. վերընտրվելու է: Նման վերլուծությունների (արևմտյան և ռուսական մամուլում) առաջիկայում թերևս շատ ենք հանդիպելու. ի դժբախտություն տեղական լրատվամիջոցների՝ հայ հասարակությունը օտարերկրյա մամուլին ավելի շատ է հավատում, քան սեփականին:

«Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնը մայիսին հրապարակել է զեկույց, որտեղ եզրահանգում կա, որ «ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանը կվերընտրվի երկրորդ ժամկետում»: Այդ կենտրոնը որպես ասվածի հիմնավորում ներկայացնում է այն հանգամանքը, որ ընդդիմությունը հազիվ թե կարողանա միասնական թեկնածուով հանդես գալ, իսկ ԲՀԿ-ի վրա ճնշումներ են բանեցվում, որ վերջինս սատարի Սերժ Սարգսյանին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ որպես Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության հիմնական պատճառ նշվում են ոչ թե առաջին ժամկետում նրա ձեռքբերումներն ու հաջողությունները, այլ համապատասխան այլընտրանքային թեկնածուի բացակայությունը:

Բացի այդ՝ հրապարակված տեղեկատվության մեջ բացակայում է ԲՀԿ-ի կողմից սեփական թեկնածուով հանդես գալու սցենարը: Այս հանգամանքը տարօրինակ է, քանի որ կասկածելի ընտրություններով 30-տոկոսանոց վստահության քվե ունեցող կուսակցության կողմից սեփական թեկնածուի առաջադրումը կարող է հիմնարար կերպով խառնել քարտերը:

Խորհրդարանական այս ընտրություններն ապացուցեցին, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր բևեռներում գտնվող և բազում հակասություններ ունեցող կուսակցությունները կարող են շատ արդյունավետ համագործակցել որոշակի հարթակում և որոշակի նպատակի, ինչպես, ասենք, ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովելու: Ընտրություններից հետո այդ ուժերի միջև առնվազն միմյանց նկատմամբ վստահության պահպանումը կարող է նախագահական ընտրություններից առաջ որոշակի համաձայնության հանգեցնել միասնական թեկնածուի հետ կապված, ինչը Սերժ Սարգսյանի վերարտադրության հեռանկարը մեծ հարցականի տակ կդնի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում