Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ոլորտում խնդիրներն ավելանում են ամիս առ ամիս։ ԱՊՊԱ պայմանագրերի թվի ու մեկ պայմանագրի միջին սակագնի աճին զուգահեռ` ոլորտում աճում է զուտ վնասաբերությունը։ Եթե 1-ին եռամսյակում ապահովագրական ընկերությունները հավաքագրված յուրաքանչյուր 100-ից հատուցման են ուղղել 76-ը, ապա չորս ամսվա կտրվածքով ցուցանիշը հասել է 78-ի՝ ճիշտ այնքան, որքան դրված է սակագնի հաշվարկի հիմքում։ Միտումի պահպանման դեպքում առաջանալու է ԱՊՊԱ սակագների բարձրացման անհրաժեշտություն։
Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլին ապահովագրական պայմանագրերի թիվն ավելացել է 8,2 հազ-ով (ապրիլի վերջին առկա էր մոտ 342 հազ. պայմանագիր). հավաքագրվել է մոտ 520 մլն, մեկ պայմանագրի միջին սակագինը կազմել է 63,4 հազ.։ Ցուցանիշները համադրելով ԱՊՊԱ պայմանագրերի սակագներին (ըստ ավտոմեքենայի շարժիչի հզորության և շահագործման տեսակի)՝ ստացվում է, որ ապրիլին հիմնականում կնքվել են մեկ տարվա պայմանագրեր՝ 81-140 ձիաուժ շարժիչի հզորությամբ որպես տաքսի (մինչև 23 տարեկան և 3 տարուց պակաս վարորդական փորձ ունեցող վարորդների համար սակագինը՝ 65 հազ.), ինչպես նաև 230 ավելի ձիաուժ շարժիչի հզորությամբ անձնական օգտագործման նպատակով շահագործվող ավտոմեքենաների մասով։
ԱՊՊԱ պայմանագրերի ժամկետայնության ու միջին սակագնի ապրիլյան աճի արդյունքում այս հունվար-ապրիլին, տարվա առաջին երեք ամիսների համեմատ, մեկ պայմանագրի միջին սակագինն ավելացել է մոտ 1000-ով՝ հասնելով 26,3 հազ-ի։ Հաշվի առնելով, որ ոլորտում մեկ տարվա պայմանագրերի նվազագույն սակագինը 25 հազ. է (մինչև 80 ձիաուժ ավտոմեքենայի համար, որի սեփականատիրոջ տարիքը գերազանցում է 23, իսկ վարորդական ստաժը՝ 3 տարին), ստացվում է, որ ապահովագրական ընկերությունների պորտֆելներում շարունակում են գերազանցել կարճաժամկետ՝ մինչև 1 տարի ժամկետով պայմանագրերը։
Թեև ապրիլին հատուցման դիմումների քանակը մարտի համեմատ կրճատվել է 37%-ով՝ կազմելով 2,45 հազ., այդուհանդերձ նույն ժամանակահատվածում մեկ հատուցման միջին գումարն ավելացել է 27 հազ-ով (1,5%-ով)՝ կազմելով 208 հազ.։ Արդյունքում չորս ամիսների կտրվածքով հատուցման միջին գումարը հասել է 200,5 հազ-ի, այն դեպքում, երբ 1-ին եռամսյակում այն 198,6 հազ. էր։
Թեև ապրիլին եղանակային պայմաններն ավելի բարենպաստ են եղել, քան 1-ին եռամսյակում, ինչի արդյունքում նվազել է պատահարների թիվը, ապահովագրական ընկերություններն օգուտներ չեն ունեցել։ Սպասվում էր, որ ապրիլից ԱՊՊԱ ոլորտում պիտի նվազեին հատուցման ուղղվող գումարները՝ բերելով ոլորտում զուտ վնասաբերության կրճատման, ինչը սակայն տեղի չի ունեցել։
Ավտոապահովագրողների բյուրոյի հաշվարկներով՝ 2012թ. առաջին չորս ամիսներին ԱՊՊԱ համակարգի զուտ վնասաբերությունը կազմել է 78%. ճիշտ այնքան, որքան դրված է սակագների հաշվարկման հիմքում։ Պարզ ասած՝ ապահովագրական ընկերությունները հավաքագրված յուրաքանչյուր 100-ից 78-ն ուղղել են հատուցմանը։
Անցած տարի ապահովագրական ընկերությունները բազմիցս հայտարարել են, որ իրականում վնասաբերության կրիտիկական ցուցանիշը 70% է, որը գերազանցելու դեպքում ընկերությունները սկսում են վնասներ կրել։ Անցած տարվա երկրորդ կեսից ԱՊՊԱ ոլորտում ամիս առ ամիս ավելացել է վնասաբերության աստիճանը, և եթե պահպանվի ներկայիս տենդենցը, առաջանալու է սակագների բարձրացման հարց։ Հակառակ դեպքում ապահովագրական ընկերությունները ստիպված են լինելու վնասով աշխատել։
Եթե հաշվի առնենք, որ 2013թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ համակարգում ներդրվելու է «Բոնուս-Մալուս» համակարգ, որը կարգապահ վարորդների համար ավելի քիչ ապահովագրավճար է ենթադրում՝ համեմատ ռիսկայինների, ապա Ավտոապահովագրողների բյուրոն այս տարի դեռևս ձեռնպահ կմնա սակագների բարձրացումից։
Նշենք, որ այսօր դեռևս առկա են հնարավորություններ վարչական լծակներով, վարորդներին կարգուկանոնի ճանապարհով նվազեցնել ԱՊՊԱ վնասաբերության մակարդակը։ Թեև ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը Բյուրոյի գործունեության նպատակն է, այնուհանդերձ ներկայիս պայմաններում ոլորտի բնականոն գործունեության ապահովման հարցում լուրջ դերակատարություն ունի Ճանապարհային ոստիկանությունը։ Ըստ էության՝ պետական կառույցների գործունեությունից կախված կլինի ԱՊՊԱ համակարգի նկատմամբ թե՛ հասարակության, թե՛ ապահովագրական ընկերությունների վստահությունը։
Civilnet











