Գլխավոր Լրահոս

Լողացող դրամը խանգարեց

Երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8%։ Մայիսի 18-ին հրապարակված «Գնաճի հաշվետվություն» պարբերականում ԿԲ-ն նշում էր, թե կանխատեսվող հորիզոնում արտաքին աշխարհի և տնտեսության ներքին զարգացումները չեն նախանշում գնաճային միջավայրի ընդլայնում, և այս իրավիճակում ԿԲ գործողությունները կհանգեցնեն դրամավարկային պայմանների թուլացման։

2012թ. մայիսին արձանագրվել է 1,3% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 0,5%՝ ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից (4±1,5%) ցածր մակարդակում (շեղումը 2-տոկոսային կետ): Նշենք, որ մարտին գնաճը թիրախային ցուցանիշի ստորին մակարդակից շեղվել էր 0,3-տոկոսային կետով, ապրիլին՝ 0,6-տոկոսային կետով։

Թեև գնաճը գտնվում է բավական ցածր մակարդակում ու ռիսկեր ստեղծում տնտեսական աճի համար, ԿԲ-ն, այնուամենայնիվ, որոշել է չխթանել տնտեսությունը։ Շուկայի կոնյունկտուրան, սպառողական ապրանքների կենտրոնացվածության բարձր աստիճանը, սպասումներով պայմանավորված դրամի արժեզրկումը, ինչպես նաև կառավարության առանձին գերատեսչությունների անգործությունը Կենտրոնական բանկին թույլ չտվեցին մեղմել դրամավարկային պայմանները։

ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ներկայում ԵՄ պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների խորացումը հանգեցրել է Հայաստանի հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես ԵՄ երկրների և Ռուսաստանի արժույթների նկատմամբ դոլարի կտրուկ արժևորմանը, ինչն անդրադարձել է նաև արտարժույթի շուկայի վրա՝ արտահայտվելով դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ: «Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի դանդաղման ռիսկերի ներքո հիմնական հումքային ու պարենային ապրանքների համաշխարհային շուկաներում ձևավորվում է գնանկումային միջավայր»,– նշվում է հաղորդագությունում:

Ըստ ԿԲ-ի՝ թեև ներկայում ներքին գների վրա մասնավոր ծախսումների և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատվում է ոչ գնաճային, այնուամենայնիվ մայիսին դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, որն ըստ էության արդեն իսկ դրամավարկային պայմանների թուլացում է, գների մակարդակի վրա կթողնի իր գնաճային ազդեցությունը: «Չնայած 12-ամսյա գնաճը ներկայում ընդամենը 0,5% է, 12-ամսյա բնականոն գնաճը գտնվում է գնաճի նպատակային ցուցանիշի սահմաններում»,– կարծում են ԿԲ-ում:

Ելնելով ձևավորված իրավիճակից՝ ԿԲ խորհուրդը երեկ որոշել է առայժմ ձեռնպահ մնալ տոկոսադրույքի միջոցով դրամավարկային պայմանների է՛լ ավելի թուլացումից: «Միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով Խորհուրդը որոշում կայացրեց ԿԲ-ի կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը նվազեցնելու վերաբերյալ՝ 6-տոկոսային կետից այն դարձնելով 5-տոկոսային կետ, իսկ մինչև տարեվերջ՝ աստիճանաբար հասցնելով 3-տոկոսային կետի»,– ասվում է ԿԲ հաղորդագրությունում։

Դիրքորոշման փոփոխություն
Նշենք, որ ԿԲ-ի երեկվա որոշումն անսպասելի էր և ուշագրավ։ Խնդիրն այն է, որ մայիսի 18-ին հրապարակված «Գնաճի հաշվետվություն» պարբերականում նշվում էր, որ կանխատեսվող հորիզոնում, ընդհանուր առմամբ, ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ տնտեսության ներքին զարգացումները չեն նախանշում գնաճային միջավայրի ընդլայնում, և առաջիկա ամիսներին գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին հատվածում:

«Այս իրավիճակում ԿԲ գործողությունները կհանգեցնեն դրամավարկային պայմանների թուլացման, և տարվա ընթացքում գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին»,– նշված էր պարբերականում։

Մայիսին ԿԲ-ն կարծում էր, որ դրամավարկային պայմանների թուլացման արդյունքում տնտեսական աճը կլինի 3,5-4,8% միջակայքում, իսկ եթե առաջիկա 3 տարիներին տնտեսական աճի նախանշված միտումները պահպանվեն, ապա կանխատեսվող հորիզոնում աճը կլինի 4-5%-ի շրջանակում։

Ըստ էության՝ ԿԲ-ի դրամավարկային պայմանների թուլացումն առաջին հերթին պետք է ուղղված լիներ խթանելու տնտեսական աճը, այնինչ պայմաններն անփոփոխ թողնելով՝ ԿԲ-ն լուծում է ընդամենը գնաճի խնդիր։

Մեծ հաշվով՝ Հայաստանի տնտեսության կառուցվածքի, սպառողական շուկաների կենտրոնացվածության պայմաններում, երբ գերիշխող դիրք ունեցողները թելադրում են գները, ԿԲ-ն չի կարող կանխել գների աճը՝ պայմանավորված փոխարժեքային ռիսկով։

Հիշեցնենք, որ մայիսին դրամի 3,5% արժեզրկման պայմաններում մենաշնորհային շաքարավազի շուկայում գները բարձրացրել են 1-2%-ով, այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում մայիսին շաքարն էժանացել է 2,5%-ով։ Բացի շաքարավազից՝ մայիսին ներքին շուկայում դոլարի արժևորման պատրվակով թանկացել է ալյուրը, կարագը, ձեթը՝ այն ապրանքատեսակները, որոնց ներմուծումն իրականացնում են գերիշխող դիրք ունեցող ընկերությունները։ Ընդ որում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սպառողական մի շարք շուկաներում տեղի ունեցած զարգացումներին այդպես էլ չարձագանքեց։

Ստացվում է՝ երեկ ԿԲ-ն չգնաց տոկոսադրույքի իջեցման և դրամավարկային պայմանների թուլացման, քանի որ այդքան էլ վստահ չէ, թե կառավարության պատկան մարմինները քայլեր կձեռնարկեն և կկանխեն փոխարժեքով պայմանավորված գների չհիմնավորված բարձրացումը, ինչի արդյունքում դրանք դուրս չեն գա վերահսկողությունից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում