Կիսաավտորիտար Հայաստան

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել, որտեղ արձանագրում է, որ Հայաստանը շարունակում է մնալ կիսավտորիտար կառավարում ունեցող երկրների շարքում: Կազմակերպության մասնագետները չնչին առաջընթաց են նկատել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ դա պայմանավորելով էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ: Այնուամենայնիվ՝ մյուս չափորոշիչներով Հայաստանը կա՛մ դոփել է տեղում, կա՛մ հետընթաց գրանցել:
Միաջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելով հպարտացող Հայաստանի իշխանություններին Freedom House-ի մասնագետները տեղեկացնում են, որ ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը 5,75 է, ինչն անգամ ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում: Այս զեկույցի ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ հայաստանյան ընտրությունների հետ կապված հայտարարությունները պարզապես առանց լուրջ հիմքերի դիվանագիտական սիրաշահումներ են թվում:
Freedom House-ի ցուցանիշներով՝ Հայաստանին ժողովրդավարացման մակարդակով զիջում են Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաև Ռուսաստանն ու Բելառուսը, որոնք դասվել են ավտորիտար երկրների շարքին: Թերևս այս առումով Բելառուսից կամ Տաջիկստանից առաջ լինելը այդքան էլ մխիթարիչ չի թվում:
Միակ ոլորտը, որտեղ հստակ առաջընթաց է արձանագրվել՝ քաղաքացիական հասարակության կայացման ոլորտն է: Ըստ Freedom House-ի մասնագետների՝ այդ առաջընթացը համադրելի է Վրաստանի և բալկանյան մի շարք պետությունների հետ: Այս առաջընթացը ոչ թե գործող իշխանությունների վաստակն է, այլ քաղաքացիական այն շարժումների, որոնք տարաբնույթ խնդիրների հետ կապված վերջին տարիներին մշտական պայքարի մեջ են իշխանությունների հետ:
Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանական քարոզչամեքենան, վկայակոչելով օտարերկրյա դիտորդական առաքելություններին, հիացական գնահատականներ է տալիս ԱԺ ընտրություններին և Հայաստանում ժողովրդավարության մակարդակին, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք ցույց են տալիս իրերի իսկական վիճակը, բոլորովին այլ կարծիք ունեն այդ ամենի մասին:











